Ինչպես բազմիցս հայտնել ենք, «Օրդ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ցանկանում է Արտաշատ եւ Վեդի խոշորացված համայնքների յոթ գյուղերին հարող Կարմիր սարում կրաքարի հանքարդյունահանում իրականացնել եւ ցեմենտի գործարան կառուցել: Անցած տարի նույն պահանջով դիմել էր նրա քույր ընկերությունը` «Օրդ» ՍՊԸ-ն, եւ նախարարության կողմից ստացել 8 կետով հիմնավորված բացասական եզրակացություն:
Այգեզարդի ««Կորիզ» երիտասարդական եւ համայնքային զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արփինե Խաչատրյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ ինչպես անցած տարի, այս տարի նույնպես, հանրային լսումները Գինեվետ գյուղում ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով: Իրենց բարձրացրած հարցերին «Օրդ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցները որեւէ հիմնավոր պատասխան չեն տվել՝ պատճառաբանելով, թե դեռ պատրաստի ծրագիր չունեն:
ArmLur.am-ը երեկ՝ առավոտյան, տեղեկացել էր նաեւ, որ Վեդու ավագանին հերթական նիստի ժամանակ իր քվեարկությամբ նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն կտա «Օրդ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գործունեությանը:
«Ես եւ հարակից գյուղերում բնակվող նախաձեռնող խմբի անդամները բազմաթիվ նամակներ ենք ուղարկել տարբեր գերատեսչությունների, որպեսզի իրենց լիազորությունների սահմաններում թույլ չտան այս աղետալի նախագծի իրականացումը, քանի որ Կարմիր սարը գտնվում է Արարատյան դաշտի ամենասրտում եւ այստեղ ընդերքօգտագործման ու ցեմենտի գործարանի աշխատանքները մեծ ռիսկեր են պարունակում ոչ միայն տեղացիների առողջության, այլեւ մի հսկա գյուղատնտեսական շրջանի կայունության եւ ՀՀ պարենային անվտանգության համար», – ասում է Արփինե Խաչատրյանը։
Բացի դրանից, Կարմիր սարը կենսաբազմազանության եզակի օրրան է. ըստ WWF-ից ստացված տվյալների՝ այն կարմիրգրքային 14 տեսակ բույսերի աճելավայր եւ 16 տեսակ կենդանիների ապրելավայր է:
Այսպիսով. ովքեր էին պայքարում՝ Կարմիր սարը հանքի վերածելու համար
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է՝ Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, հայտնվել էր միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։
Այս կազմակերպությունները կապված կամ փոխկապակցված են նախկին պաշտոնյաների հետ։
Հանքի համար կռիվ տվողներից մեկը «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն է, որի 100% բաժնետերը ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանն է։
Կառավարությունը 2024 թվականի ապրիլին հավանություն էր տվել «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիրը մոտ 1 000 հանրային ծառայողների համար կառուցելու ծրագրին, որը առաջարկել էր «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն։ Նմանատիպ մի ծրագրում էլ ներգրավված են հանքի համար պայքարող հաջորդ ընկերությունների սեփականատերերը՝ «ՕՐԴ» ՍՊԸ-ի եւ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սեփականատեր Օրդուխանյանների ընտանիքը՝ Սամվել եւ Տիգրան Օրդուխանյանները։ Պարզ է դարձել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնը բացասական եզրակացություն է տվել «ՕՐԴ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին՝ Կարմիր սարի տարածքում կրային կավակրաքարերի հանքարդյունահանման վերաբերյալ։
Հասարակական ճնշումներից հետո բոլոր ընկերությունները, հասկանալով հետագա դժվարություններն ու ծագած խնդիրները, հետ կանգնեցին սարը հանքի վերածելու մտքից՝ բացի Օրդուխանյանների «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից։
Օրդուխանյանները Երեւանի կենտրոնում՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկում, նորակառույց են վեր խոյացնում։
Շենքը հայտնի պատմություն ունի, քանի որ շինարարության պատճառով վտանգված են հարակից անհատական բնակելի տները, որոնցից մեկը պատկանում է Անդրանիկ սարկավագին։ Ըստ Օրդուխանյանների եւ Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի միջեւ եղած պայմանավորվածության՝ 12 հարկանի բնակելի շենքի առաջին հարկը կառուցելուց հետո ընկերությունը այն պետք է նվիրեր համայնքին՝ որպես անվճար մանկապարտեզ։
Օրդուխանյանները, հաշվի չառնելով որեւէ բողոք, հիմա էլ ակտիվ շինարարություն են անում։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

















































































