ArmLur.am-ը զրուցել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի հետ։ Անդրադարձել ենք Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության եւ «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ կազմակերխած լսումներին։
-Պարո՛ն Գասպարյան, Ազգային ժողովում քաղբանտարկյալների վերաբերյալ խորհրդարանական լսումներ են անցկացվում։ Հայաստանում տասնյակից ավելի քաղբանտարկյալներ կան, սակայն իշխանությունները պնդում են, որ նման բան չկա։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները, երբ հասարակությունը բաժանված է. մի մասը պնդում է, որ կա քաղբանտարկյալների խնդիր, իսկ իշխանությունը դա ժխտում է։
-Հայաստանում կա՛ն քաղբանտարկյալներ։ Տարբեր մեթոդաբանություններով նրանց թիվը տատանվում է 40-ից 60-ի միջեւ։ Ո՞վ է քաղբանտարկյալը. նա այն անձն է, ով պատժվում է իր քաղաքական կարծիքի, մտքի կամ խղճի ազատ արտահայտման համար։ Վերջին 2-3 տարում հատկապես նման դեպքերը շատացել են։ Ի դեպ, քաղբանտարկյալ է ոչ միայն այն մարդը, ով մեկուսարաններում է պահվում, այլեւ այն անձը, որն իր ազատ կարծիքը հայտնելիս ենթարկվում է հետապնդումների կամ ճնշումների։
Վերջին 3-4 տարիներին իրականացված եւ մինչ օրս շարունակվող քաղաքական հալածանքները՝ քաղաքացիական հասարակության, ընդդիմադիր գործիչների ու մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ, ապացուցում են մեկ բան. քաղբանտարկյալների գոյությունը չընդունելը իշխանությունը պայմանավորում է տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական կոնսենսուսով։ Գործող իշխանությունն ունի լռելյայն աջակցություն արեւմտյան որոշ պետություններից, որոնք նախկինում չափազանց ակտիվ էին Հայաստանում քաղաքական հալածանքների հարցում, մասնակցում էին դատավարություններին ու լսումներին, բայց այսօր լուռ են։ Պատճառը պարզ է. նրանք աջակցում են այն գործընթացներին, որոնք, ըստ իրենց, պետք է տեղի ունենան տարածաշրջանում՝ ներառյալ հնարավոր սահմանային կամ սահմանադրական փոփոխությունները։ Այսինքն՝ այս իշխանության ձեւավորած նարատիվները ընկալվում են որպես օգտակար այդ ծրագրերի համար։
-Իսկ ի՞նչ կարող ենք ակնկալել խորհրդարանային լսումներից։
-Արդեն մի քանի ելույթներում հնչել են կոնկրետ առաջարկներ։ Ես նույնպես պատրաստվում եմ ներկայացնել միջանկյալ տարբերակ՝ մի քանի գործնական առաջարկով։ «Հայաստան» խմբակցությունը նշել է, որ բոլոր առաջարկները ուսումնասիրվելու են եւ կիրառվելու վերջնական փաթեթում։ Այո՛, մեր ռազմավարական նպատակը իշխանափոխությունն է, սակայն չպետք է սպասել հերթական կամ արտահերթ ընտրություններին։ Պետք է սկսել գործել արդեն հիմա։ Կան բազմաթիվ ուղիներ։
Կարելի է փոքր ակտիվիստական խմբերով մեծացնել հանրային ճնշումը դատարանների վրա, քանի որ գործող իշխանությունը վերջին 7 տարիներին բառացիորեն զրոյացրել է դատական համակարգի հեղինակությունը եւ վնասել է երկրի ժողովրդավարական դիրքավորումը։ Կարելի է պահանջել հատուկ խորհրդարանական հանձնաժողով ստեղծել՝ բոլոր այս քաղաքական դատավարությունները վերաքննելու համար։ Հնարավոր է ակտիվորեն քննարկել նաեւ Քրեական օրենսգրքում կալանքի կիրառման չափանիշների մեղմացման հարցը։
Մեդիային կոչ եմ անում թեման պահել օրակարգում, որովհետեւ այն օրակարգը, որը իշխանությունն այսօր պարտադրում է հանրությանը, նպատակ ունի պարզապես թմրեցնել հասարակությանը եւ հեռացնել իրական խնդիրներից։
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ























