«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը դեկտեմբերի 7-ին հաղորդում է տվել, որ Էդգար Բաբայանը եւ Ազնիվ Մաթեւոսյանը պարբերաբար իր անձը նվաստացնող արտահայտություններով Ֆեյսբուքում հրապարակումներ են կատարել՝ վնասելով իր պատիվն ու արժանապատվությունը։ Համայնքի ղեկավարը իրավապահներին ներկայացրել է նաեւ նշված հրապարակումների՝ Ֆեյսբուքից արտատպված փաստաթղթերի պատճեները։ Դրանք ներկայացվել են Բերդի քննչական բաժին։ Աստղիկ Հակոբյանն ինձ հայտնեց, որ Էգգար Բաբայանը Բերդ քաղաքում առանց շինթույլտվության, ապօրինի շինարարություն է արել։ Չնայած համայնքապետարանի զգուշացումներին՝ նա շարունակել է ապօրինի շինարարությունը։ Այդ պատճառով Բերդի համայնքապետարանն այս տարի Է․ Բաբայանին տուգանել է 750 հազար դրամի չափով։ Բաբայանը հրաժարվել է վճարել տուգանքը, Բերդի համայնքապետարանը դիմել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն։
Իսկ Ազնիվ Մաթևոսյանը նախկինում աշխատել է Բերդի համայնքապետարանում, եղել է հարկեր հավաքող։ Նրա կենսաթոշակային տարիքը լրացել է, դրանից հետո Բերդի համայնքապետարանը նրա հետ մեկ տարի ժամկետով աշխատանքային, քաղաքացիա-իրավական պայմանագիր է կնքել։ 2024 թվականի սկզբին Ա․ Մաթևոսյանը դիմում է գրել, աշխատանքից ազատվել։ Համայնքի ղեկավարն ասաց, որ ազատվելուց հետո Ա․ Մաթևոսյանը փոշմանել է, որ աշխատանքից ազատվել է, նա համայնքի ղեկավարի դեմ դիմումներ է գրել վարչապետին։ Աստղիկ Հակոբյանն ասաց, որ Է․ Բաբայանի և Ա․ Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումներում իր հասցեին զրպարտչական բնույթի և անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններ կան»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:






























