Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը դադարեցնում է իր գործունեությունը։ «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ այս տարվա սեպտեմբերից Կարմիր խաչը այլեւս ներկայություն չի ունենալու Ադրբեջանում։ ArmLur.am-ը գերիների առողջական վիճակի, նրանց եւ հարազատների միջեւ կապի հնարավորության մասին զրուցել է Սիրանուշ Սահակյանի հետ։
-Տիկի՛ն Սահակյան, Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման մասին լուրերը հաստատվեցին։ Այժմ ինչպե՞ս է կազմակերպվելու հայ գերիների եւ նրանց ընտանիքների միջեւ կապը։
-Այս պահին առկա է միայն հեռախոսային կապ, որը ապահովում է ադրբեջանական կողմը՝ իր քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների միջոցով։ Սակայն նամակագրությունը, փոխանցումները, ինչպես նաեւ հանձնուքներ ուղարկելու հնարավորությունը, որոնք նախկինում իրականացվում էին Կարմիր խաչի միջոցով, լիովին բացառվել են։
Ամենակարեւոր խնդիրը այն է, որ գերիներն այսօր զրկված են արտաքին աշխարհի հետ անմիջական շփումներից: Միջազգային վերահսկողությունը նրանց պայմանների, հոգեբանական վիճակի, հիգիենիկ պայմանների, սննդի եւ այլնի վերաբերյալ ուղղակի բացակայում է. սա մեծ ռիսկեր է ստեղծում: Եթե գերիները խոշտանգվեն կամ բռնության ենթարկվեն, այդ բոլոր դեպքերը կմնան չբացահայտված ու չպատժված։
-Այժմ նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չունե՞ք։
-Վերջին ստուգելի տեղեկությունները Վիգեն Էուլջեքջյանի մասին են։ Հեռախոսազանգի ընթացքում նա կնոջը հայտնել էր իր ծայրահեղ ծանր վիճակի մասին։ Քանի որ խոսակցությունը ձայնագրվել էր, տեղեկատվությունը ստուգելի էր։ Նա հայտնել էր, որ զրկված է սննդից, առողջական վիճակը ծանր է, ձեռք է բերել հաշմանդամություն, իսկ համապատասխան պայմաններ կամ անհրաժեշտ սարքավորումներ պարզապես ստեղծված չեն։
-ՄԻԵԴ-ն ամիսներ առաջ որոշում էր կայացրել տեղեկատվության տրամադրման վերաբերյալ։ Ի՞նչ փուլում է այս գործընթացը։
-ՄԻԵԴ-ը տեղեկատվություն է պահանջել Ադրբեջանի կառավարությունից՝ թե՛ միջպետական, թե՛ անհատական գործերով։ Ադրբեջանը խնդրել է ժամկետի երկարաձգում, դատարանը լրացուցիչ ժամանակ է տվել, որը արդեն սպառվել է։ Մինչ այս պահը որեւէ տեղեկություն չենք ստացել եւ սպասում ենք դատարանի նամակագրությանը։
-Ակնկալո՞ւմ եք, որ Ադրբեջանը կներկայացնի այդ տվյալները, թե՞ կրկին կձգձգի գործընթացը։
-Կարծում եմ՝ նրանք կփորձեն որքան հնարավոր է երկար ձգձգել, բայց վերջում, հավանաբար, կտրամադրեն նվազագույն տեղեկատվություն՝ պարզապես ՄԻԵԴ-ի պահանջը ձեւականորեն կատարելու համար։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ տեղեկությունները հաճախ կեղծված են։ Ադրբեջանը կազմակերպում է միայն անունով «զննություններ», որոնցով փորձում է ներկայացնել, թե գերիների առողջական վիճակը նորմալ է, մինչդեռ իրական պատկերը լրիվ այլ է։
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 31-ին Է.Հ.-ի եւ Ա.Կ.-ի միջեւ դպրոցում տեղի ունեցած լեզվակռվից հետո Է.Հ.-ի հայրը որոշել է արարքի համար պատժել Ա.Կ.-ին։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Է.Հ.-ի հայրը՝ Ա.Հ.-ն երկու անձի հետ այցելել է Ա.Կ.-ի բնակարան, որտեղ վերջիններս, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Ա.Կ.-ի մարմնի տարբեր մասերին եւ հայհոյանքներ հնչեցրել։
Այնուհետեւ, հետագայում իրենց գործողությունները որպես հանգիստ խոսակցություն ներկայացնելու նպատակով՝ Ա.Հ.-ն նաեւ դաստիարակչական բնույթի խոսակցություն է ունեցել Ա.Կ.-ի հետ, որի ընթացքում պարտադրել է նրան՝ ներողություն խնդրել Է.Հ.-ից:
Վերոգրյալ գործողությունների հետեւանքով, Ա.Կ.-ին պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք:
Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), իսկ մեկ անձի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 2:30-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, չվերթի հաշվառումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 35-ամյա տղամարդ։
Այս տարվա փետրվարի 4-ից խարդախության մեղադրանքով նա հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության ինտերպոլի կողմից: Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։
ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՈՒՄ
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Հարավարեւմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով Ոստիկանության Գվարդիայի գործընկերների հետ համատեղ ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Երեւանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։
Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ՝ ընդհանուր 61,19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։
Կազմված փաստաթղթերը եւ ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։























