Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ չի հրաժարվում Լատինական Ամերիկայի ցամաքային տարածքներում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագրերից։
«Եվ հիմա մենք դա անելու ենք ցամաքում։ Որովհետեւ ցամաքում դա ավելի հեշտ է», – ասել է Թրամփը՝ Փենսիլվանիայում տնտեսության մասին ելույթի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ «յուրաքանչյուր կրակի տակ ընկնող նավի դիմաց մենք 20,000 ամերիկացու կյանք ենք փրկում»։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նաեւ հայտարարել է, որ Կարիբյան ավազանում նավերին հարվածող հրթիռային համակարգը նույնպես ուղղված է Սոմալիի դեմ։
«Մենք նույն համակարգն ունենք Սոմալիի դեմ», – ասել է Թրամփը։
Նա նշել է, որ եթե Սոմալիի բնակիչները ցանկանան «հարձակվել մեր նավերի վրա», ԱՄՆ-ն կօգտագործի այս հրթիռային համակարգը։
Ամերիկացի առաջնորդը Սոմալին անվանել է «աշխարհի ամենավատ երկիրը»՝ պնդելով, որ «նրանք ո՛չ բանակ ունեն» եւ ո՛չ էլ խորհրդարան։
«Նրանք չգիտեն, թե ինչ է նշանակում խորհրդարան։ Նրանք ոչինչ չունեն։ Նրանք ոստիկանություն չունեն։ Նրանք իրենք են ոստիկանություն պահում։ Նրանք անընդհատ միմյանց են սպանում», – հավելել է Թրամփը։
Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն արդեն հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է շուտով սկսել հարվածներ հասցնել այն թմրավաճառներին, որոնք թմրանյութեր են մատակարարում ԱՄՆ, ոչ միայն ծովում, այլեւ ցամաքում։
«Այդ մարդիկ անցյալ տարի ավելի քան 200 հազար մարդու են սպանել, բայց այժմ այդ թվերը զգալիորեն ցածր են։ Եվ դրանք ցածր են, որովհետեւ մենք հասցնում ենք այդ հարվածները (ծովում) եւ մենք դրանք կհասցնենք նաեւ ցամաքում», – ասել է Թրամփը կառավարության կաբինետի նիստում դեկտեմբերի 2-ին։
ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՕԳՏՎԵԼ ՍՈՑՑԱՆՑԵՐԻՑ
Ավստրալիայում ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի՝ 16 տարեկանից փոքր անձանց արգելվում է մուտք գործել սոցիալական ցանցեր։
Երկրի ինտերնետ-կարգավորողի (eSafety) հայտարարության մեջ նշված է, որ դեկտեմբերի 10-ից Ավստրալիայում գործող սոցիալական ցանցերը պարտավոր են ապաակտիվացնել երեխաների եւ դեռահասների օգտահաշիվները:
«Այսօրվանից սոցիալական ցանցերում գործում են սահմանափակումներ. օգտահաշիվ ունենալու համար տարիքը պետք է լինի 16 եւ ավելին։ Դա զարգացման կարեւոր փուլում կապահովի պատանի ավստրալացիների համացանցային անվտանգությունը», – ասվում է կարգավորողի հայտարարության մեջ:
eSafety-ն պարզաբանել է, որ արգելքը վերաբերում է Facebook-ին, Instagram-ին, Kick-ին, Reddit-ին, Snapchat-ին, Threads-ին, TikTok-ին, Twitch-ին, X-ին եւ YouTube-ին:
«Նրանք պարտավոր կլինեն ձեռնարկելու ողջամիտ քայլեր՝ 16 տարեկանից փոքր ավստրալացիներին արգելելու՝ ունենալ օգտահաշիվներ իրենց հարթակներում, սակայն երեխաներն ու դեռահասները նախկինի նման կկարողանան դիտել հանրային հասանելի կոնտենտը սոցիալական ցանցերում, որի համար գրանցում չի պահանջում օգտահաշվում», – նշել է կարգավորող մարմինը՝ ընդգծելով, որ պատանիները նաեւ կկարողանան կապի մեջ մնալ ընկերների հետ՝ օգտագործելով օգտահաշիվները հաղորդագրությունների փոխանակման հավելվածներում եւ առանց տարիքային սահմանափակման հարթակներում։
ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ
ԵՄ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հաղորդել են եվրոպական լրատվամիջոցները։
Նրանց տվյալներով, մասնավորապես պլանավորվում է սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից նավթի փոխադրման հետ կապված ինը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ։ Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում կընդգրկվի եւս 43 նավ։
Եվրոպական ԶԼՄ-ների տվյալներով՝ պատժամիջոցները, ի թիվս այլ բաների, կվերաբերեն «Վալդայ» քննարկումների ակումբին։
ԵՄ-ի մշտական ներկայացուցիչների կողմից պատժամիջոցները հաստատվելուց հետո դրանց պետք է հավանություն տրվի ԵՄ-ի ավելի բարձր մակարդակով։























