Armenian text to speach

ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՄԱՏԻՍԻ ՈՒԹ ԱՇԽԱՏԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սան Պաուլուի համալսարանական միջավայրի կարեւոր մշակութային կենտրոններից մեկում՝ Biblioteca Mոrio de Andrade գրադարանում, վերջերս արձանագրվեց աղմկահարույց գողություն։ Զինված երկու անձինք ներխուժել էին գրադարան եւ հափշտակել ֆրանսիացի մեծագործ Անրի Մատիսի ութ փորագրություն, ինչպես նաեւ բրազիլացի նկարիչ Կանդիդո Պորտինարիի առնվազն հինգ աշխատանք։

 

Բրազիլացի պաշտոնյաների հաղորդմամբ՝ հարձակվողները սպառնացել էին այնտեղ գտնվող անվտանգության աշխատակցին եւ տարեց ամուսնական զույգին։ Արվեստի արժեքավոր գործերը վերցնելուց հետո նրանք չեն փորձել փախուստի դիմել մեքենայով. պարզապես հեռացել են ոտքով՝ շարժվելով մոտակա մետրոյի ուղղությամբ։

Գողերը գրադարան էին մտել կիրակի օրը՝ առավոտյան ժամը 10։00-ին՝ օգտագործելով գլխավոր մուտքը, եւ նույն ճանապարհով էլ դուրս էին եկել՝ առանց որեւէ խոչընդոտի։

Այս միջադեպը տեղի ունեցավ մշակութային աշխարհի համար ծանր ժամանակաշրջանում՝ ընդամենը մի քանի շաբաթ անց այն աղմկահարույց գողությունից, որը ցնցեց Լուվրը։

Biblioteca Mոrio de Andrade գրադարանը Բրազիլիայի երկրորդ ամենամեծ գրադարանն է։ Պաշտոնյաների խոսքով՝ շենքում տեղադրված էին նաեւ դեմքի նույնականացման համակարգով աշխատող տեսախցիկներ, ինչը կարող է զգալիորեն օգնել հանցագործների ինքնությունը պարզելու գործում։

Արվեստաբանների կարծիքով՝ հատկապես Մատիսի գողացված փորագրությունների արժեքը «անհաշվելի» է։ Մատիսը համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ արվեստագետներից մեկը, իսկ Պորտինարին՝ բրազիլական մոդեռնիզմի առանցքային դեմքերից։

Հիշեցնենք, որ Լուվրում նույնպես գողություն էր տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին։

Երբ ժամը 9։00-ին թանգարանը բացվել էր այցելուների համար, ընդամենը կես ժամ անց աշխատանքային համազգեստով գողերը մոտեցել էին բեռների տեղափոխման համար նախատեսված սայլին՝ այն կանգնեցնելով թանգարանի մուտքի մոտ։ Նրանք տեղադրել էին երթեւեկությունը սահմանափակող նշաններ՝ ստեղծելով շինարարական աշխատանքների պատրանք։

Երկու գող սանդուղք էին բարձրացրել, հասել պատշգամբին եւ ներս մտել թանգարան՝ բաց պատուհանով։

 

Ժամանակագրությունը եղել է հետեւյալը.

– 9։34 – Գողերը ներխուժել են Ապոլոնի պատկերասրահի հարավային հատված։ Անվտանգության կառավարման կենտրոնում միաժամանակ գործել է ազդանշանը, իսկ հերթապահ աշխատակիցը ռադիոկապով տեղեկացրել է հրամանատարական խմբին։

– 9։35 –  Նրանք կտրիչներով բացել են երկու ցուցափեղկերի ապակիները եւ գողացել թանկարժեք զարդերը։ Անվտանգության աշխատակիցները սկսել են այցելուների տարհանումը։ Թանգարանի տնօրենը անհապաղ կապ է հաստատել ոստիկանության հետ՝ խնդրելով արագ միջամտություն։

– 9։36 – Համանատարական կենտրոնի ղեկավարն ակտիվացրել է հատուկ ազդանշանային համակարգը՝ ուղղակի կապ հաստատելով Փարիզի ոստիկանության գլխավոր վարչության հետ։

– 9։37 – Թանգարանի բոլոր աշխատակիցներին ուղարկվել է հաղորդագրություն՝ մուտքերը փակելու պահանջով։

– 9։38 – Գողերը կրկին դուրս են եկել նույն պատուհանով, միացել երկու սպասող համախոհներին եւ փախել դեպի արեւելք՝ սկուտերներով։ Նրանցից մնացել էր դեղին բաճկոն՝ շինարարական հագուստ, ինչպես նաեւ գործիքներ, այդ թվում՝ կտրիչ։

Օրվա երկրորդ կեսին թանգարանի մոտակայքում հայտնաբերվել էր Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագը՝ զմրուխտներով եւ շուրջ հազար երեք հարյուր ադամանդով զարդարված։ Սակայն գողերը իրենց հետ տարել էին եւս ութ պատմական անգնահատելի արժեք ունեցող առարկա։

Ավելի ուշ կասկածյալները հայտնաբերվել էին, եւ երկու տղամարդ խոստովանել էին կատարած արարքը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Նկարիչների միջազգային օրվա առթիվ կազմակերպված «Սալոն 2025» ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի նկարիչների միության երիտասարդ եւ ավագ սերնդի անդամների յուրահատուկ, խորիմաստ ու հետաքրքիր աշխատանքները՝ գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ։

 

Վառ գույներով հարուստ ցուցադրությունը բացվեց դեկտեմբերի 8-ին Հայաստանի նկարիչների միությունում։

Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորեց բոլոր նկարիչներին մասնագիտական տոնի առթիվ եւ հիշեցրեց, որ տարեսկզբին իրենց առաջ խնդիր են դրել վերանորոգել, վերազինել Արա Սարգսյանի անվան ցուցասրահը, ինչը իրենց հաջողվել է։

Սաֆարյանը պատմեց, որ վերանորոգման աշխատանքները սկսելու օրը պատասխանատու վարպետները չեն եկել, ինչի պատճառով նկարիչները համախմբվել են եւ իրենց սեփական ուժերով եւ սեղմ  ժամկետներում  կարողացել են կարգի բերել ցուցասրահն ու այն պատրաստել «Սալոն 2025»-ին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը եւս միացել էր շնորհավորանքներին՝ նորանոր նվաճումներ մաղթելով նկարիչներին։

Նա ընդգծել է, որ վերջին շրջանում մի քանի անգամ այցելել է միություն հայ եւ օտարազգի հեղինակների համատեղ ցուցադրություններին եւ տպավորվել է։  «Այսօր ցուցասրահում ներկայացված է մեր ստեղծագործական ներուժը՝ սկսնակ եւ փորձառու նկարիչների աշխատանքներ, որոնք աշխատում են տարբեր ոճերում եւ միասնաբար ասում, թե ինչ նկարչական արվեստ ու հզոր մշակույթ կա Հայաստանում»,-նշել է փոխնախարարը։

Դանիելյանի խոսքով՝ ոլորտում առկա են խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։ Նա առաջնային խնդիրներից է համարել Հայաստանի նկարիչների աշխատանքները պատշաճ կերպով միջազգային հարթակներում ներկայացնելու անհրաժեշտությունը։ «Նախարարությունն այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկել. ամիսներ անց մենք կունենանք աճուրդի տուն, որտեղ ցանկացած արվեստագետ կարող է իր գործն աճուրդի միջոցով  վաճառել։ Այդ աճուրդի տունը կհամագործակցի աշխարհի լավագույն աճուրդի տների հետ, որպեսզի հնարավոր լինի կապ ապահովել Հայաստանի եւ արտերկրի միջեւ։ Նախատեսում ենք առավել ուժեղացնել մեր կուրատորական դպրոցը, որպեսզի համադրողները կարողանան օգնել մեր արվեստագետներին իրենց աշխատանքների հանրահռչակման գործում»,-ընդգծել է Դանիելյանը։

Ըստ փոխնախարարի՝ նախանձելի է աշխարհը, բնությունն ու Հայաստանը տեսնել նկարչի աչքերով, քանի որ նրանք նկատում են այն, ինչն անզեն աչքով անհնար է տեսնել։

Նկարիչների միության աջակիցները ցուցադրության շրջանակում իրենց շնորհակալությունն են հայտնել նկարիչներին եւ նրանցից շատերին շնորհավորել  խորհրդանշական նվերներով։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 14-ը։

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԼԻՎԵՐՊՈՒԼԻ ԴԵՄ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վեցերորդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Լիվերպուլին» (0:1)։

Խաղից հետո հանդիպման վերաբերյալ կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ցավալի է պարտվել այսպես՝ 11-մետրանոցի պատճառով։ Առհասարակ, դժվար է հասկանալ նման 11-մետրանոցները, դժվար է ընդունել, երբ ամբողջ խաղն անցել է պայքարում։ Բայց պետք է գլուխը բարձր պահել, առաջ նայել, ավելի շատ աշխատել՝ փորձելու համար փոխել իրավիճակը»,- ասել է Մխիթարյանը Sky Sport-ի հետ զրույցում։

Չեմպիոնների լիգայի խաղարկության յոթերորդ տուրում Մխիթարյանը կհանդիպի իր նախկին ակումբին՝ «Արսենալին»։ Այդ հանդիպումը կկայանա հունվարի 20-ին՝ Երեւանի ժամանակով 00:00-ին։

 

 




Լրահոս