Լուսանկարը՝ համացանցից
Երեկվանից համացանցում ակտիվորեն քննարկվում է Պարույր Սեւակի նորաբաց արձանը: Քանդակը բազմաթիվ քննադատությունների արժանացավ. հիմնականում մարդիկ դժգոհում էին, որ Սեւակի կերպարը ոչ պրոֆեսիոնալ ու կոպիտ է ստացվել, ինչի հետ, ազնիվ լինենք, անհնար է չհամաձայնել:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը:
Գայանե Բարսեղյան (64 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի դիմելու դեպքում` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Կենսաթոշակի տեսակը փոխվում է, եթե կենսաթոշակառուն ունի կենսաթոշակի այն տեսակի իրավունքը, որի համար դիմել է:
Արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից նրա կենսաթոշակի տեսակը փոխվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակի` անկախ կենսաթոշակառուի դիմելուց:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակը արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի փոխվել չի կարող:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետեւյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:
ՀՈԳԵՎՈՐ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ. ցանկացած մարդ, ով հավատում է, կարո՞ղ է քարոզել եւ տարածել Աստծո խոսքը, թեեւ գիտեմ, որ դրա համար երկար տարիներ ուսում են ստանում եւ ձեռնադրվում մեր եկեղեցու քահանաները:
Համլետ Պետրոսյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուր մարդ կարող է Աստծո խոսքը տարածել, բայց ոչ հռչակել իրեն միակ եւ ճիշտ քարոզիչ եւ ճշմարտություն ուսուցանող հոգեւոր հովիվ: Կարելի է բարեկամներին, հարեւաններին բացատրել քրիստոնեական ճշմարտությունը, որով եւ կատարվում է սրբազան պարտականություն: Այսօր հովիվ եւ քարոզիչ դառնալը միայն հոգու կանչով չպետք է սահմանափակվի: Քանի որ այս դարը ինֆորմացիայի դար է, ապա քարոզիչը պետք է հսկայանական ինֆորմացիայի տիրապետի, որպեսզի ոչ միայն կարողանա Աստծո խոսքը փոխանցել, այլեւ այդ խոսքը մատչելի դարձնել ցանկացած խավի եւ ցանկացած մասնագիտության տեր մարդու: Իսկ դրա համար տարիներ են պետք, որպեսզի անհատից հզոր քարոզիչ ձեւավորվի:
Ուստի, քարոզիչը ոչ միայն հավատացյալ անձ պետք է լինի, այլ նաեւ համապատասխան կրթություն ստացած անհատ, որպիսիք են այսօր Հայ եկեղեցու հոգեւոր սպասավորները: Սա չի նշանակում, որ եթե մեկը ցանկություն ունենա Հայ եկեղեցու վարդապետությունն իր մտերիմին կամ բարեկամին հասցնել, չունի դրա իրավունքը: Նա կարող է այդ մարդուն եկեղեցի բերել, ծանոթացնել հոգեւոր հովվի հետ՝ հորդորելով մշտապես հոգեւոր խորհուրդներ ստանալ: Սա նույնպես ծառայություն է Աստծուն:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած ներկայացված պատախասնին՝ փաստ է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի Աստծու խոսքը լսելի դարձնել հանրությանը։



















































































