Քաղաքական յոգա` 2026-ին. ինչպես մնալ առաջին շարքերում. հորոսկոպ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան

Մահվան նախարարի պիտակով առողջապահության նախկին նախարարը, որի պաշտոնավարման ժամանակ հազարավոր մարդիկ մահացան Քովիդից ու պատերազմի հետեւանքով, շարունակում է իր անպատիժ հաղթարշավը: Արսեն Թորոսյանը, կոռուպցիոն մի քանի գործերում որպես վկա ներգրավված լինելով, հաջողությամբ կարողանում է քննիչ-դատախազներին ծաղրել, քննադատել, վատաբանել եւ մնալ առաջին շարքերում: Այս բացառիկ տաղանդը գնահատեց նաեւ Նիկոլ Փաշինյանը, ով նախկինում մերժել եւ մեկուսացրել էր Արսեն Թորոսյանին, իսկ Ալեն Սիմոնյանն էլ Աժ-ում հեռու, մութ ու ցուրտ մի սենյակ էր տրամադրել՝ որպես ԱԺ պատժված պատգամավորի գրասենյակ: Աստղերը հուշում են Արսեն Թորոսյանին կոռումպացված շրջապատով իրականացվող քայլերը զգույշ անել, մտածել հետեւանքների մասին, քանի որ ոչ մի իշխանություն հավերժ չէ, իսկ գործած արարքների վաղեմության ժամկետը Փաշինյանի իրավաբանների օրոք վերջ չունի: 2026-ը երկվորյակ Արսեն Թորոսյանի համար խոստումնալից, է, եթե կարողանա փրայմերիզը հաղթահարել, ցուցակում լավ տեղ զբաղեցնել՝ դրա համար պատրաստ լինելով անգամ Նիկոլ Փաշինյանի հետ աղոթքի գնալ՝ իր աթեիստ տեսակով:
Աթոռի մարզական երթուղին. հեծանիվ, աղոթք եւ քաղաքական ֆիթնես. նախարարի հորոսկոպը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

ՀՀ վարչապետի հետ աղոթքի գնացող նախարարը, որի ամուսինը կրոնական «ՌԵՄԱ» կազմակերպության քարոզիչ է, հանուն աթոռի պատրաստ է ամեն զոհողության: Պետք է՝ լողորդ կդառնա, պետք է՝ բասկետբոլ կխաղա, հեծանիվ կքշի, միայն թե նախարարի աթոռը պահպանի: Ոչինչ, որ առողջապահության ապահովագրության համակարգը ձախողել է, ոչինչ, որ չի կարողանում բուժհաստատություններում առկա խնդիրները լուծել, եւ պետպատվերը տարվա կեսից հետո ավարտվում է, որ նորածինների մահվան դեպքերը աղաղակող են, որ մարդիկ վիրահատության փող չունեն… Գլխավորը՝ վարչապետի կողքին կանգնելն է, որ կարողանա ամուսնու ընկերությունների հետ նախարարության գնումների մրցույթներ կազմակերպել, հարստանալ, որ 3200 դոլարանոց պայուսակ բռնել կարողանա: Լեւոն Տեր-Պետրոսյանի կնոջ ընկերուհու աղջիկը հաջողությամբ մոռացել է անցյալն ու առաջին նախագահին. «մեռելի զդաչի», «գիտնական ոջիլ» եւ այլ արտահայտություններ անող Աննա Հակոբյանի եւ նրա ամուսնու բոլոր քայլերի հետ նախարար Ավանեսյանը հաշտ է: Անցնող տարում էլի չմոռացվեց Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակների մեջ լցված մեր զինվորների դիակների ու ոսկորների հարցը… Դա կմնա խարան Անահիտ Ավանեսյանի ճակատին մինչեւ կյանքի վերջ: Աստղերը հուշում են աքլորի տարում ծնված նախարարին լինել ավելի հանգիստ, հետեւել ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր առողջությանը, որպեսզի տուրբուլենտային վիճակը խաղաղվի մինչեւ 2026-ի ընտրությունների արդյունքներ: Իսկ դրանից հետո դժվար թե նախարարական հաղթարշավը շարունակական լինի, աստղերը հորոսկոպով խոյ նախարարի համար այդ առումով լավ կանխատեսումներ չունեն:
Երբ մրցաշարերն են պահում աթոռը. նախարարի հումորային հորոսկոպը
Կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ժաննա Անդրեասյան

Հորոսկոպով ջրհոս, բազմաֆունկցիոնալ նախարարի համար անցնող տարին տուրբուլենտային էր. վարչապետի հետ բոլոր մրցաշարերին մասնակցելը օգնեց պահել պաշտոնը, սակայն նրա կողմից երաշխավորված շատ բարձրաստիճան պաշտոնյաներ կոռուպցիոն խայտառակ գործարքների մեջ թաթախվեցին՝ ստվերելով նրա հեղինակությունն ու վստահությունը: Ընկերուհու հետ 50 մլն դրամանոց պայմանագիրն էլ շարունակում է մնալ օդում կախված վտանգ: Աթոռը պահպանելու հարցում դեռ ամուսնու հանրային ակտիվությունն է օգնում, բայց 2026-ից հետո ամեն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ. հարցաքննություններ, բացատրություններ եւ ի վերջո՝ հրաժեշտ:
Աստղերը հուշում են աքլորներին լինել առավել զգոն, շարունակել պասիվանալ շատ հարցերում եւ գրավել պաշտպանվողական դիրք՝ մինչեւ վտանգները չեզոքանան, եթե հաջողվի հասնել այդ արդյունքին:
Ժպտա՛, ինքնուրույնություն մի՛ ցուցաբերիր եւ կառավարի՛ր. տարվա սատիրիկ ուղեցույցը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան

Մշտաժպիտ, երջանիկ, բախտավոր մարդու իմիջ ունի մեր երկրի թիվ մեկ ֆինանսիստի պաշտոն զբաղեցնողը: Նա կարողացավ 1 մլն դոլար վարկ ստանալ՝ առանց տոկոսի, առաջ տանել իր բիզնեսները, շարունակել հաջողությամբ դրանք համատեղել բարձր պաշտոնի հետ եւ վայելել կյանքը. վարույթն էլ թող քննիչները քննեն ու քննեն: Ոչինչ, որ բյուջեի թվերը իրար չեն համապատասխանի, որ երկիրը թաղված է պարտքերի մեջ, որ անգամ սեփական հայտարարագիրը սխալներով եք լրացնում: Գլխավոը՝ Նիկոլ Փաշինյանի մոտ հեզիկ կերպարը պահելն է, որ հանկարծ «շեֆը չբարկանա»:
Աստղերը կապիկի տարում ծնված նախարարների համար հուշում են կուսակցական ակտիվությունը բարձրացնել, որ հնարավոր լինի ապագայում ՔՊ-ի քաղաքական արեւի տակ դիրք ունենալ:
Երբ նախկինն էլ կարող է լինել հեղափոխական. Տիգրան Խաչատրյանի 2026-ի ուղեցույցը.
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան

ՀՀԿ-ի օրոք ֆինանսների նախարարի եւ այլ պաշտոններ զբաղեցրած փոխվարչապետը, որ ղեկավարում է մարզաին սուբվենցիոն ծրագրերը, անցնող տարում աչքի է ընկել մերժումերով. ում, երբ, ինչ փաստաթուղթ պետք է՝ եթե հասավ Խաչատրյանին, քնում է դարակի վրա կամ համակարգչում:
ՔՊ-ում նրա նկատմամբ էլ կա տոտալ անվստահություն եւ տարակուսանք, թե ինչպես կարող է «նախկինը» այսքան «ներկա» լինել եւ շարունակել մնալ հեղափոխական թիմում: Աստղերը հուշում են աղեղնավոր Տիգրան Խաչատրյանին շարունակել ինքնուրույնության բացակայությամբ աչքի ընկնել, որպեսզի երկարակեցությունը հնարավոր լինի ապահովել: Տարին կլինի բարենպաստ՝ կախված Փաշինյանի տրամադրությունից:
Քննչական անցյալից՝ քաղաքական ապագա. Գալյանի խաղը` 2026-ի աստղերի հետ
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյան

Դատախազությունից ՔՊ քաստինգով անցած, նախարար դարձած գեղեցկուհին ամրացրել է իր դիրքերը գործադիրում: Քննչական անցյալը օգնել է նրան առավել լավ ճանաչել մարդկանց ու ճիշտ կողմնորոշվել՝ ում հետ, երբ, ինչ հարաբերություն կառուցել: Չնայած երկու տասնայկից ավելի ինքնասպանության ու մահվան դեպքեր գրանցվեցին ՔԿՀ-ներում՝ Գալյանը շարունակում է ձիգ մնալ իր տեղում՝ միայն մտահոգվելով իր վատ գովազդով, որի արդյունքներից դժգոհ է: Սկանդալները ուղեկցեցին 2025-ին, բայց 2026-ը Գալյանի համար չի խոստանում անկումային լինել, եթե արտառոց կամ արտակարգ գործընթացներ չլինեն:
Աստղերը հուշում են կապիկի տարում ծնվածներին լինել առավել նախաձեռնող եւ ակտիվ, որպեսզի մրցավազքում՝ հատկապես դատախազության նախկին գործընկերների հետ, հնարավորություն ունենաք չպարտվելու:
2026-ին ընդառաջ՝ հումորային շարք, որը 15 տարի «Ժողովուրդ» օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ:
Աստղերը հուշում են չերեւալ, բայց որոշել ամեն ինչ. փոխվարչապետի աստղագուշակը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Համեստ, չերեւացող, բայց Կառավարության ամենաազդեցիկ դեմքերից մեկն է Մհեր Գրիգորյանը, որը անցնող տարում կարողացավ հաջող բանակցել ինչպես ռուսների, եվրոպացիների, այնպես էլ՝ ադրբեջանցիների հետ, որի մասով Նիկոլ Փաշինյանը լուրջ առարկություններ չի ներկայացրել:
Աստղերը հուշում են, որ ջրհոս փոխվարչապետի գաղտնի կերպարը անհանգստացնում է «Քաղաքացիական պայմանագրի» վերնախավին, ովքեր համարում են, որ Գրիգորյանը պետք է հեռանա Փաշինյանի կաբինետից: Սակայն ինքը՝ Փաշինյանը, վստահում է Գրիգորյանին, եւ չլինելով կուսակցական կերպար՝ շարունակում է նրան պահել իր կողքին:
2026-ին ընդառաջ՝ հումորային շարք, որը 15 տարի «Ժողովուրդ» օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ:






























