Armenian text to speach

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նախարարությունը, դիմադրության ալիքը եւ սառնասրտությունը. Սարգսյանի 2026-ի ուղեցույցը

 ՀՀ ներքին գործերի  նախարար Արփինե Սարգսյան

 

Arpine Sargsyan, Magnus Brunner

Փորձագիտական աշխարհից, օրինաստեղծ նախարարությունով մինչեւ երկրի ներքին գործերի առաջին կին նախարարի պաշտոնին հասած Արփինե Սարգսյանը, ունենալով իր շուրջ դիմադրության հսկա ալիք, կարողացավ դա հաղթահարել եւ ճտպտան բնավորությունով ենթարկեցնել  համակարգի ամենաազդեցիկ ու ինքնուրույն թվացող հնաբնակներին:

Անցնող տարին շան տարում ծնված նախարարի համար կայունության խորհրդանիշ էր՝ չնայած զանգվածային անկարգությունների, սպանության դեպքերի եւ այլ հանցատեսակների այդքան աճին: 2026-ը եւս խոստանում է խոյերի համար լինել կանխատեսելի, եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես պլանավորում է գործող իշխանությունը: Սակայն 2026-ը վճռորոշ տարի է, քանի որ 8 տարի իշխանության եղած Փաշինյանի կառավարությունը հասցրել է ձանձրացնել հանրության լայն շերտերին: Աստղերը հուշում են պահպանել հանգստություն, սառնասրտություն եւ անհրաժեշտ պահին աթոռին հրաժեշտ տալու կամք, որպեսզի ապագան առավել պայծառ դրսեւորումներ ունենա:

 

 

 

 

 

 

 

 

Խելոք կատարողը՝ վարչապետի աչքի առաջ. 2026-ի  կանխատեսումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյան

 

Բրյուսովի սկանդալը կասեցնելու անկարողությամբ մամուլում հայտնի այս նախարարը նշանակվել է COP-ի միջոցառումը պատշաճ կազմակերպելու համար, քանի որ, ըստ համացանցի, նախորդ նախարարի հարբեցողության ու հայհոյախոսության հակումները տապալել էին ոլորտի կառավարման շատ ճյուղեր: Աստղերը հուշում են լինել առավել զգուշավոր, քիչ նախաձեռնող եւ խելոք կատարող, որ Փաշինյանի իշխանության ներսում երկարակեցություն ունենաք: Կապիկի տարում ծնվածների համար 2026-ը խոստանում է ապահովել կայունություն, եթե խելամտության գիծը չանցնեք:

 

 

 

 

 

 

 

 

 

Անտեսանելի, բայց ազդեցիկ. համեստ ուսուցչի քաղաքական մարաթոնը

 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան

 

2018 թվականից Քվանտ վարժարանից դուրս եկած Պապիկյանը իր ուժերը փորձեց շատ բնագավառներում. քաղաքային կառավարումը՝ որպես ավագանու անդամ, չստացվեց, նախարարի կարգավիճակով մրցույթ կազմակերպելը արդեն հաջող էր, ասֆալտ փռելը՝ աղմկահարույց, պաշտպանությունը՝ առավել գաղտնի: Ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում: Միայն հայտնի է, որ համեստ ուսուցիչը հասցրել է հիոթեքները մարել, տներ ունենալ, թիկնազորով է շրջում, բայց փորձում է պահել անձնական որակները, մարդկային դեմքն ու անցյալի հետ ներդաշնակության նշույլները:

Վագրերին աստղերը հուշում են հեռու մնալ Փաշինյանի հետ շփումներից՝ հատկապես եկեղեցակնների դեմ պայքարի տապալումից հետո: 2026-ի ընտրություններից հետո գուցե իրավիճակ փոխվի, բայց տուրբուլենտությունը, որ այսօր կա, գուցե մինչ այդ հաղթահարված լինի:

 

 

 

 

Ամեն ինչ ունենալու նախարարությունը. նախաձեռնողականությունը՝ դեմքի արտահայտությունն է.

 ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան

Արմավիրից Կառավարություն հասած այս պաշտոնյան պարտական է Նիկոլ Փաշինյանին՝ իր կյանքում ամեն ինչ ունենալու եւ ամեն ինչի հասնելու համար: Նախկին վարկային մասնագետը հիմա նախարար է դարձել ու ղեկավարում է սուպերնախարարություն: Իհարկե, նախաձեռնողականություն չունի, առաջարկների հարցում ակտիվ չէ, միայն նայում է Փաշինյանի դեմքի արտահայտություններին, որ հասկանա՝ ինչն ինչպես անել: Աստղերը հուշում են 2026-ին ընդառաջ հավատարմության եւ ծառայելու կարողության նոր նշաձողեր սահմանել, որպեսզի մյուս երազանքն էլ իրականանալի դառնա՝ փոխվաչապետի պաշտոնը: Ոչխարի տարում ծնված նախարարների համար եւս պլանավորված է անկայունություն, բայց դրանք կդառնան կառավարելի, եթե կուսակցական կյանքում ցուցանիշներ ապահովեք՝ արթնացնելով միջի առյուծ հորոսկոպին:

 

 

 

 

 

 

 

Եկեղեցական ծեսերից մինչեւ քաղաքական կայունություն.

ԲԴԽ նախագահի աստղագուշակը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյան

 

Սահմանադրական անկախ մարմնի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող այս պաշտոնյան ամենեւին էլ ամեաանկախը չէ, եւ ՔՊ իշխանությունից իր կախվածությունը ամրագրված է եկեղեցական ծեսերով: Հայաստանի ամենաթունավոր պաշտոնը զբաղեցնող Աթաբեկյանի համար, սակայն, 2025-ը անկայունությամբ աչքի չընկավ: Նա թեեւ ամբողջությամբ իր անկախությունը «մատաղ է արել» փաշինյանի ոտքերի տակ, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ հասել է այն հանգրվանին, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս դատավորներին վնգստացող չի հանրահռչակում: Աստղերը հուշում են շան տարում ծնված Աթաբեկյանին շարունակել պահպանել չեզոքությունը բոլոր իմաստներով, քանի որ անցնող տարում Դուք հասկացաք, որ դա է Փաշինյանի իշխանության մեջ երկարակեցության գաղտնիքը: Առյուծների համար կյանքը հրաշալի է 2026-ին, քանի որ քաղաքական տարի է՝ պետության գլուխը՝ խառը:

 

 

 

Ցլերի սպասումը եւ շարժումների սահմանափակման անհրաժեշտությունը.

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան

Ամենայուղոտ պաշտոնը զբաղեցնելով՝ անցնող տարում կարողացաք պահպանել կայունությունը ինչպես ֆինանսական, այնպես էլ պաշտոնական կյանքում: Համեստ կեցվածքով ազդեցիկ այս պաշտոնյայի համար գալիք տարին ճակատագրական է. Կշարունակի՞ մնալ իր պաշտոնում, թե՞ կհեռանա. կախված կլինի Նիկոլ Փաշինյանի տրամադրությունից, բարեհաճությունից եւ օրվա տրամադրվածությունից: Աստղերը հուշում են ցլերին ավելորդ շարժումներ չանել եւ լուռ, համեստ սպասել Փաշինյանի մեսիջներին կամ էլեկտրոնային հասցեին ուղարկած նամակներին:

 

 

 

 

Թրամփից մինչեւ ԱԺ ապագա. Ռուբեն Ռուբինյանի քաղաքական մարաթոնը

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյան

Ճարտարասաց այս պաշտոնյան կարողացել է իր գործունեությամբ եւ կեցվածքով հասնել ոչ միայն ԱԺ փոխխոսնակի պաշտոնին, այլեւ համարվել ԱԺ ապագա նախագահի ամենահավանական իշխանական թեկնածուն: 2025 թվականը Թուրքիայի հատուկ բանագնացի համար կայունության տարի էր, կարողացավ հաջողություններում «մասնաբաժին» ունենալ՝ լինելով սպիտակ տանը՝ լուսանկարվելով Դոնալդ Թրամփի հետ: 2026-ը խոստանում է լինել տուրբուլենտային տարի, սակայն դա Ռուբեն Ռուբինյանին չի սպառնում, քանի որ ձիու տարում ծնված ՔՊ-ական փոխխոսնակի համար ապայագում էլ ամեն ինչ հաջող է գնալու: Աստղերը հուշում են լավ պահել արջամկանը, ժամանակ հատկացնել նորածին բալիկի հետ անցկացնելու համար, քանի որ Ձեր քաղաքական ջանքերը վաղուց գնահատված են՝ ըստ արժանավույնս:

 

 

 

 

 

Քավորին ուրանալուց մինչեւ կուսակցական վերելքներ.

2026-ի աստղագուշակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյան

 

Սերժ Սարգսյանի թիմից Նիկոլ Փաշինյանի հեղափոխական շրջապատ տեղափոխված, պաթոսական ելույթներով աչքի ընկած Պապոյանի համար տարին գլխապտույտ հաջողություններ ունեցավ: Թեեւ հարազատ քեռին անգամ հրապարակավ անպատվեց ու նախատեց նրան, սեփական քավորը հրաժարվեց նրա հետ շփումներից, բայց նախարարի պաշտոնն ու Փաշինյանին ծառայությունները Պապոյանն ավելի բարձր է գնահատում, քան այլ՝ հատկապես բարոյական արժեքները: Անգամ անասնակերը որպես ցորեն մատուցելու խայտառակ պատմությունից հետո Պապոյանը դեռ շարունակում է կուսակցական վերելքները: Աստղերը հուշում են նապաստակներին անձնական բարեկեցությունն ու բիզնես քվոտաների բաշխումը կառուցել զգույշ, արտահայտություններում՝ լինել առավել ուշադիր, որ նոր սկանդալներում չհայտնվեք: Ջրհոսների համար 2026-ը նախատեսում է անկայունություն, եթե շարունակեք շատախոսել կամ վիդեոռիլ նկարել գործի փոխարեն:

 

 

 

 

 

 

 

 

ՔՊ-ի արխիվի մշտական բնակիչը.

Անդրանիկ Քոչարյանի 2026-ի ճակատագիրը ՀՀ ԱԺ ՊՆ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան

ՔՊ-ի ամենամեծ հակավարկանիշն ունեցող գործիչ, որի մասին հիշատակումները հիմնականում բացասական երանգ ունեն: Խարդավանքների, իրար դեմ հանելու, կանանց վիրավորելու գործում խմբակցության առաջամարտիկ այս ծերունին առաջվա ազդեցությունը, իհարկե, չունի: Մնացել են իմիտացիաները: Անգամ երաշխավորություն ստանալու հարցում լրջագույն դժվարությունների է հանդիպել՝ ստանալով տարբեր մերժումներ: 2025 թվականը անկումների տարի էր Անդրանիկ Քոչարյանի համար. չգնահատվեցին ո՛չ նա, ո՛չ նրա զեկույցը, եւ ԱԺ նախագահը նրան իր զեկույցի հետ ուղարկեց քաղաքական արխիվ: 2026-ը եւս լավ խոստումներ չի շռայլում Անդրանիկ Քոչարյանի համար. նրանից Նիկոլ Փաշինյանն էլ է երես թեքել: Աստղերը հուշում են արժանապատիվ հեռանալ, քան կռիվ տալ ներսում՝ գիտակցելով, թե ինչքան մերժելի եք:

 

 

 

 

 

Քաղաքական կապիկի տարում Վահագնի աստղային զգուշությունը.

2026-ի աստղագուշակ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյան

 

ԿԸՀ նախագահ, Նիկոլ փաշինյանի ընտանեկան թերթի նախկին լրագրող: Մարդ, որը Նիկոլ Փաշինյանին համարել է իր հոգեւոր հայրը եւ արել ամեն ինչ նրան գոհացնելու համար, հիմա դարձել է «անկախ» մարմնի ղեկավար եւ ձեւացնում է, թե կուսակցաշինության, քաղաքականության հետ կապ չունի: Երկրի թիվ մեկ թվանկարիչը դարձած այս պաշտոնյան, որ հաջողությամբ կարողացավ հետհեղափոխական Հայաստանում իր երկու որդիներին ազատել բանակի պարտադիր զինծառայությունից, հիմա վայելում է իր Քաջ Նազարի բախտը: Աստղերը հուշում են 2026-ին ընդառաջ պահպանել համեստություն, ավելորդ աչքի ընկնող քայլեր չանել, որ Նիկոլ Փաշինյանը չբարկանա եւ ընտրությունների վատ արդյունքների համար մի հրաժեշտի SMS չգրի:

 

2026-ին ընդառաջ՝ հումորային շարք, որը 15 տարի «Ժողովուրդ» օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ:




Լրահոս