Ձնամաքրման նախապատրաստական աշխատանքների շրջանակում կազմվել են ձմռան ամիսներին սանմաքրման աշխատանքների պլանն ու միջոցառումների ցանկը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ հավելելով, որ վարչական շրջանների ղեկավարների հետ խորհրդակցությանը մանրամասն քննարկվել են աշխատանքների սխեման ու գործողությունների ժամանակացույցը։
«Այս պահին ներգրավված է տարբեր տրամաչափի 241 տեխնիկա, որից 216-ը Երևանի աղբահանության ու սանմաքրման հիմնարկին է պատկանում, 25-ը «Կանաչապատում» ՀՈԱԿ-ին։ Տեղում աշխատանքների կազմակերպման, վերահսկման ողջ պատասխանատվությունն իրականացնելու են վարչական շրջանների ղեկավարները, իսկ երթուղիների ցանցի ու ժամանակացույցի պահպանման պատասխանատուն ԵԱՍՄ հիմնարկն է»,-ներկայացրեց Արեյանը՝ ներկա դրությամբ բավարար գնահատելով առկա ռեսուրսները։
Նա մտահոգություն հայտնեց, որ դեռևս ամբողջությամբ չեն ծանուցվել այն տնտեսավարողները, որոնք Երևանի ավագանու համապատասխան որոշման համաձայն՝ պարտավոր են նաև ձմռան ամիսներին մաքրել իրենց կցված հարակից տարածքներն ու մայթերը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ 9088 տնտեսվարողներից ծանուցում է ստացել 4186-ը։
Արեյանը խնդրեց քաղաքապետին համապատասխան հանձնարարական տալ ծանուցումներն իրականացնելու և խստագույն հսկողություն սահմանելու համար։ Բացի այդ՝ նա կարևորեց նաև հսկողությունն ավտոլվացման կետերի նկատմամբ, որտեղից փողոց հոսող ջուրը հանգեցնում է սառցակալման և պարեկների ու ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցների կողմից լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտության։

























































































