Armlur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ ՔՊ նախկին պատգամավոր, ՔԿԾ նախկին ղեկավար Սերգեյ Ատոմյանը ևս առաջադրվել է 2026 թվականի խորհրդարանական ՔՊ նախընտրական ցուցակում:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին կայացած ՔՊ վարչության նիստում հավանություն են տվել Ատոմյանի թեկնածությանը ու վերջինս կրկին ՔՊ նախընտրական ցուցակում է:
Իսկ ո՞վ է Սերգեյ Ատոմյանը
Ատոմյանը երկար ժամանակ քննիչ է աշխատել: Վերջինս 2012-2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության, ապա Արարատի մարզային քննչական վարչության քննիչ:
2019 թվականին դարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր: Ատոմյանը լռակյաց պատգամովորից անակնկալ ձևով 2021 թվականին նշանակվեց
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ:
Իսկ 2023 թվականին նրան Փաշինյանն ազատեց աշխատանքից:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հեռացումը թեև խոր արմատներ ուներ, բայց կոնկրետ նրա մի քայլը դարձել է ճակատագրական:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ իրավապահ համակարգը Ատոմյանին համարել է թույլ ղեկավար եւ ուշագրավ բացահայտումներ արել նրա ղեկավարման շրջանում: Նրա հեռացումը ձգձգվում էր, քանի որ դեռ հարմար կադր չունի Նիկոլ Փաշինյանը, բացի այդ, օգոստոսի 1-ին նա գաղտնի որոշում է կայացրել, ինչի պատճառով Փաշինյանի հրահանգով անմիջապես ազատվել է պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուկեկցող ծառայողները կապ են հաստատել Սերգեյ Ատոմյանի հետ՝ թույլտվություն ստանալու համար: ՔԿՀ պետը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝պայմանով, որ ոչ ոք չիմանա:
Բայց, ի վերջո, նախարարությունից, նաեւ ԱԺ ՊՆ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ջանքերով ինֆորմացիան հասել է կառավարության ղեկավարին, և Նիկոլ Փաշինյանը բարկացած հրահանգել է իր խմբակցության նախկին պատգամավոր Ատոմյանին հեռացնել ՔԿՀ ղեկավարի պաշտոնից:
Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Սերգեյ Ատոմյանից, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց.«Տեղեկությունները սուտ են։ Ինձ նման հարցով չեն դիմել. եթե դիմեն, ու որեւէ բան օրենքի շրջանակներից դուրս է, որեւէ քայլ չի կարող այս կողմ այն կողմ լինի, ում հետ ուզում է կապված լինի»։
Սոնա Գրիգորյան

























































































