ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ իշխանությունները, ի դեմս Տիգրան Սարգսյանի, խոստացել են Հայաստանի անկախության  20-ամյա պատմության մեջ աննախադեպ թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ, իսկ  միջազգային կառույցներն էլ մերոնց  զգուշացրել են, որ այս անգամ ընտրություններում «ներում-բեկում» չի լինելու (թերեւս այդ պատճառով ՀՀԿ նախընտրական շտաբում, ի դեմս Դավիթ Հարությունյանի, բացվել է նոր «հաստիք» միջազգային կառույցների հետ աշխատանքի գծով), այնուամենայնիվ, լավագույն ավանդույթները շարունակվում են:
Խոսքը տվյալ դեպքում Ընտրական օրենսգրքի այն նորմի խախտման մասին է, որն ամրագրում է, որ նախընտրական քարոզարշավը սկսվում է քվեարկության օրվանից 30 օր առաջ:
Նշենք, որ կոալիցիոն 3 կուսակցություններից ոչ մեկն այս իմաստով բացառություն չէ: Եթե «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ցույց են տրվում հիվանդանոցներում խմբված  հիվանդ ու անատամ մարդկանց հոծ բազմություններ, որոնց ամեն երկրորդ խոսքը Գագիկ Ծառուկյանին հայտնած շնորհակալությունն է, ապա ՕԵԿ-ն էլ, հանրապետության տարբեր քաղաքներից ու գյուղերից դուրս չգալով, խիստ պատասխանատու հայտարարում է` «մեր քաղաքական ուժն այնպես արեց, որ դուք ստանաք ավանդները, որ դուք անվճար ծննդաբերեք» եւ այլն: Մի խոսքով, այն ամենը, ինչ 20 տարի շարունակ լսել են Հայաստանի իրոք որ բազմաչարչար ընտրողները:
Հանրապետականը, որ առայժմ ձեռնպահ է մնում բուժակցիաներից, սակայն, անկասկած, դրանց միանալու է ավելի ուշ, դեռ բավարարվում է Ընտրական օրենսգրքի դրույթները խախտել այլ` հիմնականում տնտեսական եւ մշակութային բնույթի միջոցառումներ կազմակերպելով: Հիշենք ՀՀ պետական բյուջեի փողերից սնվող ՀՀԿ երիտասարդական հիմնադրամի կազմակերպած տարաբնույթ  միջոցառումները եւ  վերջին չարաբաստիկը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, վարչապետի «ոլոլորտային» «հայտնությամբ», նաեւ ՀՀԿ տնտեսական համաժողովը, արկղերով կուսակցական տոմսերի բաժանումը եւ, ինչու ոչ, Երեւանի տնտեսագիտական համալսարանում Գարեգին Նժդեհի  գրքի շնորհանդեսը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ տնտեսական համաժողովին, ապա անթաքույց քաղաքական գովազդն ու  քարոզչությունը սկսվում են  հենց վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից եւ Սերժ Սարգսյանի` կոնֆերանսին հղած ուղերձից` կոալիցիոն կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները «դարձնել հանրության քննարկման առարկա»:  Սակայն հաջորդող տողերում իշխող կուսակցության մտադրությունն ավելի թափանցիկ է. «Կարծում եմ, որ այս կոնֆերանսը մեզ համար բացառիկ հնարավորություն է ստեղծում ներկայացնել կառավարության գործունեության արդյունքները մարզերում, համայնքներում, նախաձեռնել քննարկումներ, որոնց արդյունքում կկարողանանք հավաքագրել հանրությանը մտահոգող հարցերը եւ հանրության շրջանում առկա առաջարկությունները, որպեսզի ձեւակերպենք մեր նախընտրական ծրագրի տնտեսական խնդիրները»:
«Սա ոչ թե պետական բյուջե է, այլ նախընտրական բյուջե, որը կոալիցիան ընտրել է իր քարոզարշավի համար: Սա պետական միջոցների յուրացում է»,-դեկտեմբերի 8-ին 2012-ի բյուջեի քվեարկությունից հետո հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս հայտարարությունը հիմնված էր այն պարզ ճշմարտության վրա, որ բյուջետային քննարկումների ժամանակ կառավարությունն առաջին անգամ չընդունեց խորհրդարանական ընդդիմության եւ ոչ մի առաջարկ, մինչդեռ կոալիցիայի առաջարկները, որ բազմաթիվ էին, ընդունվել են. «Ջրագծեր, ասֆալտապատում, չգիտեմ… մշակույթի տան կառուցում, եւ այլն, եւ այլն»: «Ժառանգության» պատգամավորն այս առնչությամբ նկատեց. «Սակայն եթե իրենք ազնիվ լինեին, իրենք պետք է նաեւ ընդդիմության առաջարկները վերցնեին, որովհետեւ Հայաստանի բյուջեն կազմվում է ոչ միայն իշխանությանը, այլեւ ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների հարկերից»:
Նշենք, որ նախկինում կառավարությունը ձեւի համար եւ ընտրողաբար վերցնում էր ընդդիմության առաջարկներից գոնե մի քանիսը: Իսկ հիմա ոչ միայն մերժել են, այլեւ իրենց առաջարկները ներկայացնում են միանգամից երեքով` ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ:  Զավեշտը հասել է այնտեղ, որ, օրինակ, երբ 10 գյուղի համար «երեքի»` կոալիցիայի առաջարկով իրականացված ասֆալտապատման  վերաբերյալ Արմեն Մարտիրոսյանն առաջարկել է ընդգրկել եւս 2 գյուղ` ընդամենը 2,5 կիլոմետրի աշխատանքով, կոալիցիան մերժել է:
Մի խոսքով, իշխանության ձեռագիրը նույնն է:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս