Գավառ քաղաքի Բարեկամություն թաղամասի 100 բնակիչների անունից խմբագրություն զանգահարած տիկինը, որը չցանկացավ իր անունը նշել, խնդրեց ներկայացնել իրենց բողոքը` կապված Գավառ գետում տիրող իրավիճակի հետ:
Ըստ այդմ` 1997 թվականից առ այսօր թաղամասի 100 բնակարաններում ամեն գարնան հայտնվում է 1.5 մետր բարձրության ջուր` Գավառ գետի վարարման հետեւանքով: Տիկնոջ պատմելով` բնակիչները երկու անգամ` 2004 եւ 2008 թվականներին, հարցն արմատապես բարձրացրել են. վերջին անգամ մարզպետարանն ու քաղաքաշինության նախարարությունը պետք է արտահերթ իրականացնեին Գավառ գետի հունի մաքրման աշխատանքները: «Եկան, կալկուլացիա արին, նախագիծը կազմեցին: 180 միլիոն արժողությամբ շինարարություն պտի լիներ, բայց մինչեւ հիմա չկա»: Տիկինը տեղեկացրեց նաեւ, որ «դաժե մի անգամ Մեծ Բրիտանիայից եւ Իռլանդիայից» է շուրջ 5 միլիոն դրամ ուղարկվել Գավառ գետի համար, սակայն դա էլ մնաց թղթի վրա գրված:
Գեղարքունիքի մարզպետարանի մամուլի խոսնակ Հասմիկ Շահբազյանը հայտնեց, որ Գավառա գետն ամեն տարի մաքրվում է: Ավելին, նա ամեն ինչի համար մեղադրեց բնակիչներին: «Որովհետեւ էդ նույն բողոքող մարդիկ ամեն օր կենցաղային աղբը լցնում են գետը, այն լցվում, բարձրանում է տները: Դա նորություն չէ»,-ասաց մարզպետարանի մամուլի քարտուղարը: Նրա տեղեկացմամբ` այս իրավիճակին նպաստել է այն, որ ժամանակին հենց բնակիչները, խախտելով քաղաքաշինական նորմերը, իրենց տները կառուցել են գետի ափին, որպեսզի իրենց կենցաղային աղբը լցնեն գետը:
«Ամեն դեպքում, 180 միլիոն դրամի շրջանակներում մարզպետարանն իրականացրե՞լ է գետի պատնեշապատման աշխատանքները» հարցին Հասմիկ Շահբազյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Որոշակի հատված, իսկ պատնեշապատման համար հսկայական միջոցներ են անհրաժեշտ: Գուցե որոշակի աշխատանքներ արվել են, որպեսզի շարունակությունն էլ հաջորդ տարվա ինչ-որ դոնորի կամ պետբյուջեից ինչ-որ միջոցներով արվեր, բայց հնարավոր չի եղել, չի տրամադրվել: Իսկ կիսատ սարքվածն էլ աստիճանաբար քանդվում է, չէ՞»:
Ավելի ուշ մարզպետարանի մամուլի քարտուղարը հստակեցրեց, որ նշված 185 միլիոն դրամի շրջանակներում նախատեսված են եղել ափերի կառուցապատման եւ ամբողջ գետի երկայնքով մաքրման աշխատանքներ, իսկ պատնեշապատումը որոշ տեղերում իրականացվել է: Այնպես որ, հաշվի առնելով մարզպետարանի եւ բնակիչների իրարամերժ ընկալումները` մնում է երիցուկի թերթիկները պոկել` իրականացվել է, չի իրականացվել….
Մեզ զանգահարած քաղաքականապես խիստ գրագետ գավառցի տիկինը, որ տեղյակ էր Գեղարքունիքի մարզպետ-«Ժողովուրդ» դատական վեճից, իր կողմից մեղադրանքներ հնչեցրեց ոչ թե Նվեր Պողոսյանի, այլ փոխմարզպետ Արտյուշա Ղուկասյանի հասցեին. «Շատ հմուտ աշխատող, փողերը լափող, կատարող, ձեւակերպող»: Նշենք, որ այս առումով բնակչի եւ ՎՊ-ի ուսումնասիրություններում որոշակի ընդհանրացումներ կան: Բայց տիկնոջն ամենաշատը վրդովեցնում է այն, որ ծնունդով մարտունեցի փոխմարզպետը բոլոր միջոցներն ուղղում է Մարտունուն, իսկ Գավառին ոչ մի ուշադրություն չի հատկացվում: Իրենց փոխմարզպետի մասին գնահատականները հերյուրանք համարող Հասմիկ Շահբազյանն ի պատասխան ասաց, որ նախ` հատկացումներում եւ աշխատանքներում շրջաններում համամասնությունները պահպանվում են, երկրորդը` փոխմարզպետը միանձնյա որոշումներ չի կայացնում:
ԿԱՏԱՐՎԵԼ Է, ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ