Սիրո բարեխոս Սուր Սարգսի տոնը այս տարի նշվելու է հունվարի 31-ին։ Եկեղեցական այս տոնը շարժական է համարվում․ նշվում է Սուրբ Զատիկից 63 օր առաջ, սովորաբար՝ հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։
Հայկական ավանդության համաձայն՝ երիտասարդները տոնի նախօրեին՝ հունվարի 30-ին, ամբողջ օրը ջուր չեն խմում, իսկ քնելուց առաջ ուտում են աղի բլիթը։ Իսկ ո՞վ պիտի պատրաստի աղի բլիթը։ Կա երկու վարկած․ առաջինի համաձայն՝ աղի բլիթը պետք է պատրաստի ամուսնացյալ եւ իրեն ամուսնական կյանքում երջանիկ համարող կինը, մյուս՝ երկրորդ վարկածի համաձայն՝ աղի բլիթը պետք է պատրաստի այրի կինը։
Ըստ ավանդության՝ երիտասարդ աղջիկը կամ տղան, աղի բլիթը ուտելուց հետո երազում տեսնում է իր ապագա ամուսնուն կամ կնոջը։
Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։
Ո՞վ է Սուրբ Սարգիս զորավարը
Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։Ըստ ավանդության՝ սուրբ Սարգիսը քաջ էր ու ազնիվ, օգնում էր խեղճերին ու անմեղներին, պատժում չարերին։ Նա, ըստ ժողովրդական պատկերացումների, գորշ կամ ճերմակ ձիավոր էր։ Սուրբ Սարգիսը իշխում էր հողմերին, քամուն, բքին, կարկուտին ու կայծակին։ Նրա ձիու ոտքերի դոփյունից աշխարհն էր դղրդում, իսկ նիզակ շարժելուց բուք էր բարձրանում։ Սուրբը ձիով շրջում էր լեռներում և օգնում կարիքավոր ճանապարհորդներին։ Սակայն սուրբ Սարգսի կարևոր դերակատարումներից մեկը երիտասարդ սիրահարներին օգնելն էր։ Նա համարվում է նաև ընտանիքների հովանավոր։ Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։
Նշենք, որ այս տարի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը նշվելու է ապրիլի 5-ին, Մեծ Պահքը սկսվելու է փետրվարի 16-ից, Միջինքը նշվելու է մարտի 11-ին, իսկ Ծաղկազարդը՝ մարտի 29-ին։





























