«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար–դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար–դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ։
Ստացվում է, որ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 173 միլիարդ 546 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ։
Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Մոբայլ Սենթր Արթ»-ը՝ 77.86 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի տվյալների համեմատ ավել է 11.12 մլրդ դրամով։ 2024 թվականին ընկերությունը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը, սակայն մեկ տարվա ընթացքում այն զգալիորեն բարելավել է դիրքերը։
«Գրանդ Տոբակո» ընկերությունը երկրորդ տեղում է՝ 66.12 մլրդ դրամ հարկային մուտքերով։ Այն 2024 թվականի համեմատ արձանագրել է աճ՝ 2.57 մլրդ դրամով։ 2024 թվականի հունվար–դեկտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։
Հետաքրքիր փաստն այն է, որ երրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը պետական բյուջե վճարել է 52.16 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի համեմատ 49.8 մլրդ դրամով պակաս է։ Զարմանալին այն է, որ 2024 թվականի ցուցանիշների համաձայն ընկերությունը զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը։
Նախորդ տարեսկզբին ԶՊՄԿ-ի ավելի քան 700 աշխատակից գործադուլ էր անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Սակայն «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը հայտարարություն էր տարածել և նշել, որ վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։
Չորրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա»-ն։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 43.24 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի համեմատ պակաս է 3.62 մլրդ դրամով։ 2024 թվականի ցուցանիշների հետ համեմատ դիրքային փոփոխություն չի կրել։
Հինգերորդ հորիզոնականում է «Արդշինբանկ»-ը՝ 40.2 մլրդ դրամ վճարված հարկերով։ 2024 թվականի ցուցանիշների համեմատ հարկային մուտքերը 33.47 մլրդ դրամով ավելի են։ 2024 թվականի հունվար–դեկտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 42-րդ հորիզոնականը։
Վեցերորդ տեղում է «Ամերիաբանկ»-ը, որը պետական բյուջե է մուտքագրել 29.0 մլրդ դրամ։ Այն 2024 թվականի համադրելի ցուցանիշից ավել է 5.51 մլրդ դրամով։ 2024 թվականի հունվար–դեկտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը։
Յոթերորդ տեղում է «Դիջիթեյն»-ը, որը պետական բյուջե է մուտքագրել 26.6 մլրդ դրամ։ 2024 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է աճ՝ 13.47 մլրդ դրամով։ 2024 թվականի հունվար–դեկտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 17-րդ հորիզոնականը։
Ութերորդ տեղում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, որը պետական բյուջե է մուտքագրել 25.94 մլրդ դրամ։ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ՝ 5.53 մլրդ դրամով։ 2024 թվականի հունվար–դեկտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։
«Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը իններորդ հորիզոնականում է՝ վճարելով 24.81 մլրդ դրամ։ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.632 մլրդ դրամով։ 2024 թվականի հունվար–դեկտեմբերին ընկերությունը կրկին 6-րդ հորիզոնականում էր։
Տասնյակը եզրափակում է «Սոֆթ Կոնստրակտ»-ը, որը մուծել է 23.78 մլրդ դրամ հարկ։ 2024 թվականի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 5.15 մլրդ դրամով։ 2024 թվականի հունվար–դեկտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 12-րդ հորիզոնականը։
Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն էլեկտրոնիկայի վաճառքի և հանքարդյունաբերության ոլորտներից։ Երկուական ընկերությամբ ներկայացված են բանկային, տեխնոլոգիաների, էներգակիրների և ծխախոտագործության ոլորտները»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:





























