Ռուսաստանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Վլադիմիր Պուտինին մինչև փետրվարի 1-ը ձեռնպահ մնալ Կիևին հարվածելուց։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ խոսքը վերաբերում է միայն Կիևին, ոչ թե Ուկրաինայի բոլոր քաղաքներին, ինչպես հայտարարել էր Թրամփը։
Թրամփը ասել էր, որ Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չհարվածել Կիևին և այլ բնակավայրերին՝ բանակցությունների համար պայմաններ ստեղծելու նպատակով։ Սակայն հայտարարությունների միջև կա հակասություն։
Չնայած դրան՝ Ռուսաստանը շարունակել է օդային հարձակումները․ հունվարի 30-ի գիշերը արձակվել է 111 անօդաչու թռչող սարք և մեկ բալիստիկ հրթիռ։ Թեև այդ գիշեր էներգետիկ օբյեկտներին հարվածներ չեն եղել, քաղաքացիական տարածքները կրկին թիրախավորվել են, կան զոհեր և վիրավորներ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ որևէ պաշտոնական համաձայնություն չկա, սակայն դա կարող է դիտվել որպես հնարավոր դեէսկալացիայի քայլ։ Նա նշել է, որ եթե Ռուսաստանը չհարվածի Ուկրաինայի էներգետիկ համակարգին, Ուկրաինան նույնը կանի Ռուսաստանի դեպքում։





























