Հունգարիան Ռուսաստանից էներգամատակարարումը արգելելու ԵՄ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել Եվրոպական Միության դատարան, հայտնել է երկրի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
Ըտս նրա, քանի որ ԵՄ Խորհրդի որոշումն արդեն ուժի մեջ է մտել, Հունգարիայի կառավարությունը, ինչպես ավելի վաղ նախատեսված էր, դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով այն չեղյալ համարել։ Հունգարիայի ԱԳՆ հայտարարության մեջ ընդգծվել է, որ գործը պետք է քննվի սահմանված ընթացակարգին համապատասխան, հաղորդում է ТАСС-ը։
Սիյարտոն նշել է, որ արգելքն, ըստ էության, պատժամիջոց է և, իր կարծիքով, ընդունվել է ընթացակարգի խախտմամբ՝ ոչ թե կոնսենսուսով, այլ մեծամասնության քվեարկությամբ։ Նա շեշտել է նաև, որ Եվրոպական հանձնաժողովը այդ միջոցը ներկայացրել է որպես առևտրային քաղաքականության տարր՝ հակառակ Հունգարիայի և Սլովակիայի առարկություններին։
Հունգարիայի արտգործնախարարը հավելել է, որ ըստ ԵՄ հիմնադիր փաստաթղթերի՝ անդամ պետություններն ինքնուրույն են որոշում իրենց էներգետիկ քաղաքականությունը և ընտրում մատակարարներին։ Նա միաժամանակ մատնանշել է էներգետիկ համերաշխության սկզբունքի խախտումը, որն անդամ պետություններին պահանջում է հուսալի էներգամատակարարում ապահովել։



















































































