ԱԺ-ն այսօր ընդունեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը։
Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 16-ի նիստում դրական եզրակացություն էր տվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կարգավորումներ կատարելու վերաբերյալ։ Նշվել է, որ արտասահմանում բնակվող և հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից կա, որոնց 27 տարին լրացել է նախորդ օրենքի ընդունումից հետո։ Նրանք չեն վերադառնում Հայաստան, քանի որ այլընտրանք չունեն, քան ազատազրկվելը՝ երկուսից հինգ տարի ժամկետով։
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը հեղինակել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Սարգսյանը պարզաբանել է, որ քրեակատարողական հիմնարկում մեկ անձի պահման միջինացված ամսեկան ուղղակի և անուղղակի ծախսերը կազմում են 437900 դրամ։ Եթե վերադարձող անձինք դատապարտվեն ազատազրկման երեք տարի ժամկետով, ապա պետությունը նրանցից ամեն մեկի պահման վրա պետք է ծախսի 15 միլիոն 764400 դրամ։ Այսինքն, եթե բոլոր 1200-ն էլ ինքնակամ վերադառնան և դատապարտվեն, պետությունը միայն նրանց անազատության մեջ պահելու համար պետք է ծախսի շուրջ 19 միլիարդ դրամ։ Այս նախագծով կշահեն և՛ պետությունը, և՛ մեր տղաները։
Նախագծով 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով նշված հինգ տարբերակներից մեկը՝
1. ծառայել 24 ամիս ժամկետով,
2. ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,
3. ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,
4. ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,
5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:























































































