Մարկ Քարնին հայտնել է, որ դրական զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը սպառնացել է չբացել Կանադայի և ԱՄՆ-ի միջև կառուցված նոր Գորդի Հոու կամուրջը։
Թրամփը պնդել է, թե կամուրջը գրեթե չունի ամերիկյան մասնակցություն և ԱՄՆ-ը դրանից ոչինչ չի շահում։ Նա նաև քննադատել է նախագիծը և կրկին դժգոհել Կանադայից՝ հիշատակելով մաքսատուրքերն ու առևտրային հարցերը։
Քարնին պատասխանել է, որ կամրջի կառուցման համար վճարել է Կանադան, իսկ սեփականությունը կիսում են Կանադան և Միչիգան նահանգը։ Նրա խոսքով՝ նախագիծը երկու երկրների համագործակցության օրինակ է։
Թրամփը երկրորդ ժամկետում խստացրել է մաքսատուրքերը Կանադայի նկատմամբ։ Ի պատասխան՝ Օնտարիոն դադարեցրել է ամերիկյան ալկոհոլի վաճառքը և հայտարարել, որ կշարունակի այդ քայլը, եթե մաքսատուրքերը չհանվեն։

















































































