«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ մոտ 400 ՔՊ պատվիրակ մասնակցել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ՔՊ ձևավորվելիք ներքին ընտրություններին։
Իշխանական աղբյուրները փոխանցում են, որ այսօր և վաղը նախատեսված ընտրությունները գուցե շուտ ավարտվեն, քանի որ պատվիրակների գրեթե կեսը քվեարկել է։
Քվեարկությունն ավարտելուց անմիջապես հետո ՔՊ-ականները կսկսեն հաշվարկ իրականացնել։ ՔՊ Հաշվիչ հանձնաժողովը հաշվարկը կիրականացնի տեխնիկայի միջոցով, որպեսզի կարողանա հստակ պատկեր ներկայացնել։
Նշենք, որ 1100 պատվիրակներից յուրաքանչյուրը կարող է 50 ՔՊ-ականի ընտրել, ինչը բարդացնում է հաշվարկի իրականացումը։
Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերին կայացած ՔՊ վարչության ընտրությունների ժամանակ տեխնիկական խնդիրների պատճառով ՔՊ-ականները երեք օր շարունակ հաշվարկ, ապա՝ վերահաշվարկ էին իրականացնում։
Նշենք, որ ՔՊ կենտրոնական գրասենյակում երեք օր ընթանալու է ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը, և 280 հոգանոց ցուցակից ընդամենը 50-ը կընտրվեն, որոնք պետք է ներառվեն 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։ Այնուհետև համագումարի ժամանակ այդ 50 անձանց հերթականությունը կորոշվի։
Այս պահին ՔՊ-ում ներքին քարոզարշավ է ընթանում․ բոլորը իրենց ֆեյսբուքյան էջերով դիմում են ՔՊ-ի 1000 պատվիրակներին՝ խնդրելով իրենց ձայն տալ։ ՔՊ-ականներին արգելվել է, բացի իրենց սոցիալական էջերից, այլ հարթակներում քարոզարշավ իրականացնել։ Թեև շատերը հեռախոսներով և տարբեր հանդիպումներով իրականացնում են ձայներ որսալու տարբեր քայլեր։
Հիշեցնենք, որ դեռ հունվարի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է երկար և բազմափուլ գործընթացի միջոցով ընտրել 2026 թվականի ընտրություններին մասնակցող ՔՊ առաջատարներին՝ գործընթացը արտաքուստ պահելով մրցակցության դաշտում, իսկ իրականում, ինչպես ինքը ցանկանում է, այդպես էլ լինում է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
























































































