Armenian text to speach

Պահքի սեղան․ ավելուկ եւ ոսպ․ ինչպե՞ս համադրել այն եւ ի՞նչ պատրաստել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Մեծ Պահքի ութերորդ օրն է։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոն (Զատիկ)։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Ուստի՝ ArmLur.am-ը Մեծ Պահքի ողջ ընթացքում կներկայացնի բուսական կերակրատեսակներ, որոնք կարելի է ուտել պահքի ժամանակ։

Հայկական խոհանոցը հարուստ է օգտակար և համեղ ապուրներով։ Ավելուկով պատրաստվող ապուրները դրա վառ ապոացույցն են։ Պահքի ժամանակ լավ ընտրություն է նաեւ ավելուկով եւ ոսպով ապուրը։

Ավելուկով եւ ոսպով ապուր

Ապուրը պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ կապ ավելուկ, մեկ բաժակ ոսպ, մեկ գլուխ սոխ, 50 գրամ թթու լավաշ, 50 գրամ ընկույզ, 3-4 ատամիկ սխտոր, մեկ թեյի գդալ չորացրած ծիտրոն, մեկ ճաշի գդալ ալյուր, ձեթ ու աղ։

Ավելուկը մկրատով կտրատել, վրան ավելացնել գոլ ջուր և թողնել 30 րոպե։ Ջուրը թափել, նորից գոլ ջրով լվանալ։ Կաթսայի մեջ լցնել 2,5-3 լիտր ջուրը և ավելուկը։ Հենց ջուրը սկսի եռ գալ, ավելացնել մաքրած և լվացրած ոսպը։ Եփել ևս 15-20 րոպե, ապա ավելացնել մանրացրած թթու լավաշը։

Մանր կտրատած սոխը և ընկույզը ձեթով տապակել 2-3 րոպե, ապա ավելացնել ալյուրը։ Շարունակել տապակել մինչև սոխը ամբողջովին փափուկ կլինի։ Պատրաստի սոխառած ավելացնել ճաշի մեջ։ Ավեացնել նաև մանր կտրատած սխտորը և ծիտրոնը։ Եփել ևս 5 րոպե։ Այն մատուցում են թարմ սխտորով։

Միշտ հիշե՛ք․ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անիմաստ ու անօգուտ է, որովհետեւ «սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում» (Սուրբ Գրիգոր Տաթեւացի):

Միշտ հիշե՛ք․ պահք պահում ենք մենք մեզ համար, մեր մեղքերից, վատ սովորություններից ազատվելու համար, այլ ոչ ցուցադրության համար։ Մատթեոս 6։16-18-ում գրված է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:

Նանիկ Աղասյան




Լրահոս