Կառավարությունը նոր որոշում է ընդունել՝ սահմանելով հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ ու շեմեր, մասնավորապես հայտարարագրման ենթակա չեն լինի մինչև 1 մլն դրամի միանվագ փոխանցումները:
Որոշումը հավանության արժանացավ Կառավարության փետրվարի 26-ի նիստում:
Նախորդ տարի սահմանվել էր, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող նվազեցվող եկամուտները: Հայտարարատու ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը և թոռները:
«Այս նախագծով առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 մլն դրամը ներառյալ անհատույց ստացվող ակտիվները, ժառանգության և նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ՝ մինչև 1 մլն դրամ արժեքով ստացվող գույքը, դրամական միջոցները և այլն»,-ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:























