Փետրվարի 17-ին կալանավոր Տավրոս Ոսկանյանի մահվան պատասխանատուներին գտնելու եւ պատասխանատվության հարցը բարձրացնելու ArmLur.am-ի հետաքննությունը շարունակվում է: ArmLur.am-ը դիմել է Երևան քաղաքի դատարան հասկանալու համար, թե դատավոր Արտակ Կարապետյանը ինչու ժամանակին քայլեր չի ձեռնարկել կալանավորին ազատ արձակելու մասով, ինչի հետեւանքով նա մահացավ:
Ի պատասխան՝ Երևանի դատարանից ArmLur.am-ին են տրամադրել դատավոր Արտակ Կարապետյանի պարզաբանումը կալանավոր Տավրոս Ոսկանյանի մահվան մասով:
«Տավրոս Ոսկանյանի կողմից ենթադրաբար բնակարան ապօրինի մուտք գործելով գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ստացվել 2025 թվականի հուլիսի 7-ին։ Գործը դատարան ստացվելուց հետո վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթի փուլում կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու, անփոփոխ թողնելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը Դատարանի կողմից քննության առարկա է դարձվել երկու անգամ, և 2025 թվականի հուլիսի 31-ին ու նույն թվականի հոկտեմբերի 28-ին կայացրած որոշումներով Դատարանը կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգել է՝ յուրաքանչյուր անգամ 3 ամիս ժամկետով։ Առկա են եղել մեղադրյալի կողմից իր վրա օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունները չկատարելու, նոր հանցանք կատարելու և փախուստի դիմելու հիմքերը։ Խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ չի ներկայացվել որևէ փաստական տվյալ, որը հիմք կտար ասելու, թե մեղադրյալի ունեցած առողջական խնդիրներն անհամատեղելի են եղել նրան արգելանքի տակ պահելու հետ։ Նման հանգամանքի մասին չի բարձրաձայնվել նաև քրեակատարողական հիմնարկի կողմից։ Մինչդեռ, 2025 թվականի հունվարի 7-ին Դատարանի կողմից դատավճիռ, այսինքն՝ դատարանում տվյալ վարույթի ընթացքն ավարտող դատական ակտ կայացնելուց հետո, 2026 թվականի փետրվարի 12-ին դատարան է ստացվել պաշտպան Է․Աղաբեկյանի միջնորդությունը՝ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Միջնորդության հիմք է հանդիսացել այն, որ դատավճիռ կայացվելուց հետո Տավրոս Ոսկանյանի մոտ ախտորոշվել են կալանքի կրման հետ անհամատեղելի հիվանդություններ։ Նույն օրը ՀՀ ԱՆ <<Արմավիր>> ՔԿՀ-ից դատարան են ստացվել Տավրոս Ոսկանյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ 2026 թվականի փետրվարի 11-ին կազմված մինչգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը, համաձայն որի՝ Տավրոս Ոսկանյանի մոտ ախտորոշվել են կալանքի կրման հետ անհամատեղելի հիվանդություններ։ Հիմք ընդունելով այն, որ գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն չեն ընձեռում դատավճիռ կայացնելուց հետո դատական նիստ հրավիրելու և խափանման միջոց կալանքը վերացնելու հարց քննարկելու՝ Դատարանը 2026 թվականի փետրվարի 12-ին այդ մասին կողմերին տվել է գրավոր պարզաբանում՝ ի թիվս այլնի պարզաբանելով, որ Տավրոս Ոսկանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերանայելու հարցը կարող է քննարկել վերադաս դատական ատյանը՝ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք բերվելու դեպքում, կամ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կարող է քննարկվել պատժի հետ անհամատեղելի հիվանդության հետևանքով դատապարտյալին պատժի կրումից ազատելու հարցը։ Դրանից հետո՝ 2026 թվականի փետրվարի 16-ին, պաշտպանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, և գործն Առաջին ատյանի դատարանն անմիջապես ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»։
Քնար Մանուկյան





























