ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաղորդումը, ներկայացված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, փաստում է, որ համակարգը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով։
ArmLur.am-ը ուսումնասիրեց տարեկան հաղորդումը և արձանագրեց, որ հաշվետու տարում Հակակոռուպցիոն կոմիտեում միջինը փաստացի աշխատել է 59 քննիչ։ Նույնիսկ վարչությունների պետերի տեղակալներն են ներգրավվել կոնկրետ վարույթների քննությանը՝ աճող գործերի հոսքին դիմակայելու համար։
Թվերը խոսուն են
2025 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթներում քննվել է 2585 քրեական վարույթ (այդ թվում՝ կրկնակի հաշվառված)։ Սա նշանակում է, որ միջին հաշվով մեկ քննիչի բաժին է հասել շուրջ 44 վարույթ։ Իսկ տարվա ընթացքում ձևավորվել է 182 քննչական խումբ, ինչը ևս վկայում է գործերի բարդության և մեծ ծավալի մասին։
Այս ծանրաբեռնվածությամբ աշխատելու պայմաններում 2585 վարույթից ավարտվել է 890-ը, որոնցից ընդամենը 273-ն է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան, 617-ը՝ կարճվել։
Այսինքն՝ ավարտված վարույթների մոտ երկու երրորդը կարճվել է։
Ծանրաբեռնվածությո՞ւն, թե՞ համակարգային խնդիր
ArmLur.am-ը պարզեց, որ մեկ քննիչի վարույթում միջինը 44 գործ ունենալը փաստացի նշանակում է սահմանափակ ժամանակ և ռեսուրս յուրաքանչյուր քրեական գործի համար, հատկապես հաշվի առնելով, որ խոսքը կոռուպցիոն և բարդ ֆինանսական բնույթի հանցագործությունների մասին է։
2025 թվականի թվերը ցույց են տալիս մեկ բան՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում ծանրաբեռնվածությունն արդեն դարձել է ոչ թե աշխատանքային, այլ համակարգային մարտահրավեր, որի մասին պետք է կառավարությունը մտածի։ Քննիչներին ծանրաբեռնելով՝ արդյունավետությունը չի կարող ավելանալ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























