ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ «Վահան Հովհաննիսյան+30» աղմկահարույց գործով ցմահ դատապարտյալ Տիգրան Ավետիսյանը դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Նշենք, որ Տիգրանը դատապարտված է «Վահան Հովհաննիսյան+30» գործով։ Այս գործով բոլոր 30 անձինք վաղուց ազատության մեջ են։ Նա միակն է 31 մեղադրյալներից, որոնք այս գործով 1997 թ.-ին դատապարտվել են մահապատժի (2003 թ.-ից՝ ՀՀ նախագահի հրամանագրով՝ ցմահ ազատազրկում)՝ մեղադրվելով Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով՝ 65-րդ հոդվածի 2-րդ մասով, 65 պրիմ հոդվածով, 232-րդ հոդվածի 1-ին մասով և 209 պրիմ հոդվածով (երկու ոստիկանների սպանություն, ի վնաս պետական անվտանգության գործողությունների կատարում, հանցավոր ահաբեկչական խմբում հավաքագրում, ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերում ու կրում)։
Տիգրանը ծառայել է սովետական բանակում, վերադարձել՝ 1989 թ.-ին, իսկ մեկ տարի անց սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով անդամագրվել մահապարտների ջոկատին։ Չորս տարի մասնակցել է մարտական գործողություններին։ Եղել է «Արաբո», «Կոռնիձոր», «Արծիվ-28» կամավորական ջոկատներում։
Քնար Մանուկյան























