ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ՀԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, WBO վարկածով սուպերմիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամը, սովորության համաձայն, ամեն հաղթանակից հետո գալիս է հայրենիք։ Այս անգամ էլ նա հաղթել է իտալացի Ջիովանի դե Կարոլիսին եւ եկել` հանգստանալու։

Մամուլի ասուլիսի ժամանակ նա խոսեց Ռոբերտ Շտիգլիցի հետ փետրվարի 1-ին կայանալիք մենամարտի մասին, որը համարում է իր կյանքի ամենակարեւոր մենամարտը։ Արթուրը որոշել է հանդես գալ մինչեւ 35 տարեկանը, քանի որ կարեւորը, ըստ նրա, ժամանակին հեռանալն է։
Ասուլիսից հետո «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց գերմանաբնակ հայ մարզիկին։
-Գերմանական ակումբներում են հանդես գալիս գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ովքեր նույնպես հաջող ելույթներ են ունենում, ճանաչված են։ Նաեւ այդ ամենը հաշվի առնելով՝ Գերմանիայում ինչպե՞ս են ընդունում հայերին։
-Գերմանիայում հայերը, իհարկե, շատ քիչ են, այնքան շատ չեն, որքան ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում։ Բայց բոլորն էլ հայերին շատ են հարգում, որովհետեւ մենք, օրինակ, սպորտով կարողացել ենք ապացուցել, որ հայերը միշտ բարձունքների են հասնում, լավ արդյունքներ են ցույց տալիս։ Ու նաեւ այլ ասպարեզներում են հայերն աչքի ընկնում։
-Գերմանիայում շատ մեծ թուրքական համայնք կա, որեւէ առիթով շփվո՞ւմ եք նրանց հետ։
-Համայնքների հետ ես ընդհանրապես չեմ շփվում, բայց, իհարկե, կան մարդիկ, ում հետ գործի բերումով առնչվում ես։ Դրանց մեջ լինում են նաեւ տեղաբնակ թուրքեր։
-Նորմալ երկրներում ամեն մարդ զբաղվում է իր գործով, բայց մեզ մոտ այդպես չէ. օրինակ` հայտնի բռնցքամարտիկ, ԽՍՀՄ ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը մասնակցում էր ընդդիմության հանրահավաքներին, ելույթ էր ունենում, բայց նրա կողքին այլ հայտնի մարզիկներ չկային։ Ի վերջո, մարզիկը պետք է իր գո՞րծն անի, թե՞ փորձի ծանր վիճակում գտնվող ժողովրդի կողքին կանգնել։
-Սպորտսմենը չի կարող բոլոր ծանր վիճակում գտնվողների կողքին կանգնել, սպորտսմենը պետք է իր սպորտով զբաղվի, որպեսզի ազգի պատիվը բարձր պահի։ Եվ եթե դա անում է, արդեն դրանով իսկ ժողովրդի կողքին կանգնած է։ Դրանից լավ բան էլ ի՞նչ կարող է սպորտսմենն անել։
-Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասին ի՞նչ կարծիքի եք։ Երբեւէ մտածե՞լ եք, որ Ձեր ընկերուհին, կյանքի ուղեկիցը կարող է լինել բռնցքամարտիկ։
-Ո՛չ, ո՛չ, չեմ մտածել։ Բայց ես դեմ չեմ նրան, որ աղջիկներն զբաղվեն ծանրամարտով, բռնցքամարտով, ձյուդոյով, այլ մարզաձեւերով. դա իրենց ցանկությունն է։
-Իսկ Ձեր ընտրյալը սպորտի հետ կապ ունի՞։
-Նա պրոֆեսիոնալ մարզուհի չէ, բայց սիրում է սպորտով զբաղվել։ Իսկ դա շատ կարեւոր է առողջության համար։
-Ինչպիսի՞ն կուզեք, որ լինի ձեր նոր ընտանիքը։
-Կուզեմ լինի այնպիսին, ինչպիսին իմ հայրական ընտանիքն է։
-Իսկ քանի՞ երեխա եք ցանկանում ունենալ։
-Նվազագույնը՝ երեք։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս