Մեզ հայտնի դարձավ, որ Գևորգ Մանվելի Թևանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 1/135-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության մաքսային սպասարկման և հսկողության թիվ 14 բաժնի պետի տեղակալի պաշտոնը, ի թիվս այլնի, կրել է ապրանքների տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների կշռման, ցամաքային անցման կետերում այդ գործընթացի փաստաթղթավորման և հաշվառման, ցամաքային անցման կետերով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վրա կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ միջոցների կիրառման և (կամ) այդպիսի միջոցների հեռացման, ռիսկի պրոֆիլների և (կամ) զեկուցագրերի հիման վրա՝ ցամաքային անցման կետերով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության ձևերի և (կամ) մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառման, ցամաքային անցման կետերում հանցագործությունների և մաքսանենգության կանխարգելման, բացահայտման և կանխման աշխատանքները, ինչպես նաև հանցագործության հատկանիշների առկայության դեպքում՝ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու համակարգման պարտականություններ։
Պաշտոնատար անձ հանդիսացող նույն բաժնի պետ Հովհաննես Ամիրխանյանի, մաքսային տեսուչ Արշակ Արտավազդի Խաչատրյանի և քննությամբ դեռևս չպարզված այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, «Փարսայան միջազգային բեռնափոխադրումներ» ընկերության ներկայացուցիչ Նորայր Երեմի Անդրեասյանի կողմից խոչընդոտները վերացնելու եղանակով դրսևորված օժանդակությամբ, ինչպես նաև քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հանցակցությամբ, նա իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչի հետևանքով առաջացել է առանձնապես խոշոր չափերի՝ 11.372.640 ՀՀ դրամի գույքային վնաս։
Բացի այդ, նա ցուցումներ տալու և խոչընդոտները վերացնելու եղանակով «Արմ Արմ Գրուպ» ՍՊԸ տնօրեն Արման Ռուդիկի Հունանյանին օժանդակել է թաքցնել հարկման օբյեկտը՝ խոշոր չափերով 11.372.640 ՀՀ դրամ մաքսային վճարները չվճարելու նպատակով։
Քնար Մանուկյան





























