Armenian text to speach

Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ԱԹՍ-ների գրոհից հետո իրենց աջակցած երկրներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնցից աջակցության հայտարարություններ, նամակներ ու հեռախոսազանգեր են ստացել Նախիջևանի վրա ԱԹՍ-ների գրոհից հետո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։

«Անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում աջակցության վերաբերյալ հայտարարությունների, նամակների և հեռախոսազանգերի համար, որոնք ստացվել են մեր միջազգային գործընկերներից Ադրբեջանի տարածքի վրա իրանական ԱԹՍ-ների հարվածներից հետո։ Մեծապես արժևորում ենք Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերված համերաշխությունը և մեր երկրի սուվերենությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանն աջակցության վերահաստատումը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք այս ընթացքում կանգնած էին Ադրբեջանի կողքին և գնահատում ենք նրանց շարունակական աջակցությունն ու ներգրավվածությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Գրառմանը կից Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է լուսանկար, որի վրա պատկերված են այն 40 երկրների ու միջազգային 6 կազմակերպությունների դրոշները, որոնց Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել. դրանց թվում է նաև Հայաստանի դրոշը։

Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները մարտի 5-ին հայտարարություն էին տարածել՝ Իրանին մեղադրելով Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ներով գրոհ իրականացնելու մեջ։ Իրանական կողմը հերքել էր այդ մեղադրանքները՝ պնդելով, որ այդ գրոհի հետ Իրանն առնչություն չունի։ Չնայած իրանական կողմի հավաստիացումներին, որ իրենց զինված ուժերն այդ ամենի հետ կապ չունեն՝ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ԱԹՍ-ների գրոհը իրականացրել են Իրանի զինված ուժերը՝ պահանջելով, որպեսզի Իրանի պաշտոնյաները ներողություն խնդրեն ու հետաքննություն իրականացնեն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Հիշեցնենք, որ մարտի 5-ի երեկոյան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1244035




Լրահոս