Armenian text to speach

Իրանի նախագահը հավատարմության երդում է տվել նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ և  նրան է հայտնել իր հավատարմության մասին։

Նախագահի ուղերձը հրապարակվել է երկուշաբթի։ Փեզեշքիանը նշել է, որ Փորձագետների ժողովի որոշմամբ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը խորհրդանշում է Իրանի համար ուժի և արժանապատվության նոր փուլի մասին։

Նրա խոսքով՝ այդ ընտրությունը արտահայտում է իսլամական համայնքի կամքը՝ ամրապնդելու ազգային միասնությունը, որը, ըստ նախագահի, կարևոր պաշտպանություն է արտաքին ճնշումների և հակառակորդների ծրագրերի դեմ։

Փեզեշքիանը նաև անդրադարձել է հանգուցյալ առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի գործունեությանը՝ նշելով, որ նրա ձեռքբերումները մեծ դեր են ունեցել երկրի քաղաքական համակարգի պահպանման և հեղափոխության ամրապնդման գործում։

Նախագահը վստահություն է հայտնել, որ Մոջթաբա Խամենեիի ղեկավարության ներքո Իրանը կշարունակի զարգանալ՝ պահպանելով անկախությունը, զարգացնելով գիտությունն ու տեխնոլոգիաները և ապահովելով համապարփակ տնտեսական ու սոցիալական առաջընթաց։

Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ Իրանը պատմության ընթացքում բազմիցս հաղթահարել է դժվարությունները և կարողացել է դիմակայել մարտահրավերներին՝ համախմբվածության, հավատքի և համատեղ աշխատանքի շնորհիվ։

Նա ընդգծել է, որ, չնայած Իրանի նկատմամբ «սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների բացահայտ ագրեսիային», երկրի զինված ուժերի և ժողովրդի դիմադրությունը հնարավորություն կտա հաղթահարել առկա խնդիրները։

Նախագահը իր ուղերձը եզրափակել է՝ Մոջթաբա Խամենեիին հաջողություն մաղթելով Իրանի միասնությունն ամրապնդելու և անկախ ու զարգացող պետություն կառուցելու գործում։

Ինչպես է ընտրվել նոր առաջնորդը

Իրանի Փորձագետների ժողովը մարտի 9-ի վաղ առավոտյան հայտարարել է Այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին Իրանի Իսլամական հեղափոխության երրորդ առաջնորդ ընտրելու մասին։

Նախորդ առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, որը ղեկավարել էր Իրանը շուրջ 37 տարի, զոհվել էր փետրվարի 28-ին ԱՄՆ–Իսրայել հարձակման հետևանքով։

Փորձագետների ժողովը հայտարարել է, որ առաջնորդի մահից անմիջապես հետո, նույնիսկ պատերազմական պայմաններում և անվտանգության սպառնալիքների պայմաններում, սկսել է նոր առաջնորդ ընտրելու գործընթացը։

Ժողովի անդամների ճնշող մեծամասնության ձայներով Մոջթաբա Խամենեին ընտրվել է Իսլամական հեղափոխության երրորդ առաջնորդ։

Փորձագետների ժողովը այն մարմինն է, որը ընտրում և վերահսկում է Իրանի գերագույն առաջնորդի գործունեությունը։ Նրա անդամները ընտրվում են ժողովրդի կողմից 8 տարվա ժամկետով։

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս