ArmLur.am-ը, ուսումնասիրելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի հայտարարագիրը, բացահայտեց մի շարք խնդրահատույց կետեր։ Լուսինե Քոչարյանը պաշտոնը ստանձնել է 2025 թվականի նոյեմբերի 13-ին։ Նա նախարարությունում աշխատում է նախարար Արսեն Թորոսյանի թիմում, որը նախկինում զբաղեցրել է նաև առողջապահության նախարարի պաշտոնը։
Լուսինե Քոչարյանի կենսագրության համաձայն՝ նա աշխատել է նաև ՀՀ առողջապահության նախարարությունում, որպես Առողջապահության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար, այնուհետև , որպես գլխավոր քարտուղար, այն ժամանակահատվածում, երբ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Թորոսյանը։
ArmLur.am-ը պարզեց , որ Քոչարյանի ամուսինը՝ Արա Համբարձումյանը, աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեում՝ որպես ֆինանսական տնօրեն։ Հայտարարագրի համաձայն՝ Քոչարյանը եկամուտ է ստացել նաև Հայկական Կարմիր խաչի ընկերությունից։

Անշարժ գույք
Հայտարարագրի համաձայն՝ Լուսինե Քոչարյանն ունի 1 միավոր անշարժ գույք (բաժնային սեփականություն).
- Բնակարան՝ Երևանում – բաժնային սեփականություն (1/5 մասնաբաժին), ձեռք է բերվել 1995 թվականի ապրիլի 30-ին

Բացի այդ, հայտարարագրում նշված է նաև Երևանում գտնվող բնակարան, որը նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է, սակայն այլ տվյալներ չեն ներկայացվել։

Տրանսպորտային միջոց
- Հայտարարագրում նշված է 2007 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենայի առկայության մասին, որպես 90 և ավելի օր փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց։

Բանկային միջոցներ
- Բանկային հաշիվների մնացորդ՝ 4,093,000 դրամ

Կանխիկ դրամ
- 900,000 դրամ

Եկամուտներ
Հայտարարագրված եկամուտների ընդհանուր չափը կազմում է 14,555,688 դրամ։
Եկամուտների աղբյուրներն են՝
- Շահաբաժին – «ՕՖՆԱՐ» ՍՊԸ – 3,500,000 դրամ
• Աշխատավարձ – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 312,740 դրամ
• Քաղաքացիաիրավական պայմանագիր – ՄԱԿ – 515,000 դրամ
• Աշխատավարձ – «ՕՖՆԱՐ» – 1,940,649 դրամ
• Այլ եկամուտ – Հայկական Կարմիր խաչի ընկերություն – 1,536,000 դրամ
• Քաղաքացիաիրավական պայմանագիր – «Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամ – 256,875 դրամ
• Աշխատավարձ – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան – 1,715,783 դրամ
• Քաղաքացիաիրավական պայմանագիր – «Հայաստանի երեխաներ» բարեգործական հիմնադրամ – 1,427,262 դրամ
• Քաղաքացիաիրավական պայմանագիր – «Միշել Օդենի անվան «Մայր» կենտրոն» – 20,000 դրամ
• Աշխատավարձ – «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» – 1,789,438 դրամ
• Աշխատավարձ – Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղ – 1,541,941 դրամ
Ընդամենը՝ ֏ 14,555,688

Ուշադրության արժանի հանգամանքներ
- Լուսինե Քոչարյանի եկամուտները ձևավորվել են միաժամանակ 11 պետական, մասնավոր և միջազգային կազմակերպություններից։
- Հայտարարագրում նշված է նաև շահաբաժին մասնավոր ընկերությունից («ՕՖՆԱՐ» ՍՊԸ), ինչը կարող է առաջացնել հարցեր բիզնեսի հետ կապի առկայության մասին։
- Քոչարյանը եկամուտ է ստացել Հայկական Կարմիր խաչի ընկերությունից, այն դեպքում, երբ նրա ամուսինը աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեում՝ որպես ֆինանսական տնօրեն, ինչը կարող է հնարավոր համընկնումների հարց առաջացնել։
Սոնա Գրիգորյան























