Armenian text to speach

Փեզեշքյանը և Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է պարզաբանել այն թյուրիմացությունները, որոնք առաջացել են մամուլում տարածված տեղեկությունների շուրջ՝ Իրանի կողմից Թուրքիայի ուղղությամբ ենթադրյալ հրթիռային հարձակման մասին՝ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտության ֆոնին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում են տարաձայնություններ ստեղծել Իրանի և նրա հարևան երկրների միջև՝ մեդիա հարթակների միջոցով Թեհրանին մեղադրելով Թուրքիայի նման բարեկամ և եղբայրական երկրի դեմ հրթիռային հարձակում իրականացնելու մեջ։

Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ Իրանը մշտապես պատրաստ է նպաստել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը՝ պայմանով, որ հարևան երկրների օդային  և ցամաքային  տարածքները չօգտագործվեն Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու համար։

Իր հերթին Էրդողանը ցավակցություն է հայտնել Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի, ինչպես նաև իրանցի բարձրաստիճան զինվորականների և քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ, որոնք զոհվել են Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ Իրանի ներքին գործերին միջամտությունը անընդունելի է, իսկ տարածաշրջանային երկրների միջև լարվածության աճը չի բխում հարևան պետությունների շահերից։

Էրդողանը նաև կոչ է արել Իրանին և ԱՄՆ-ին վերադառնալ բանակցությունների սեղան և տարաձայնությունները լուծել դիվանագիտական ու քաղաքական ճանապարհով։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը շնորհավորել է Այաթոլլա Սեյյեդ Մոջթաբա Խամենեիին Իսլամական հեղափոխության նոր առաջնորդ նշանակվելու կապակցությամբ։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս