ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ դատական համակարգում լուրջ դժգոհություն է հասունանում, որը, ըստ որոշ գնահատականների, կարող է վերածվել բացահայտ բունտի։
Խնդրի պատճառը կառավարության կողմից պարգևավճարների բաշխման քաղաքականությունն է։
Նախորդ տարվա վերջին, երբ կառավարությունը տարբեր գերատեսչություններում աշխատողներին տրամադրում էր խոշոր չափերի պարգևավճարներ, դատական համակարգի աշխատակիցները մնացին այդ գործընթացից դուրս․ նրանց համար որևէ հատկացում չնախատեսվեց։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգում հույս ունեին, որ այսօր կայանալիք կառավարության նիստում կներկայացվի նախագիծ, որով պարգևավճարներ կհատկացվեն նաև դատական համակարգի աշխատակիցներին։ Սակայն, ըստ նույն աղբյուրների, այս անգամ ևս նման որոշում օրակարգում չկար:
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ շուրջ 2500 աշխատակից ունեցող համակարգում սա կարող է լուրջ դժգոհության ալիք բարձրացնել։ Ավելին՝ ներքին քննարկումներում որոշ աշխատակիցներ չեն բացառել նաև կոլեկտիվ քայլերի դիմելու տարբերակը՝ մինչև անգամ ազատման դիմումներ ներկայացնելը։
Ստեղծված իրավիճակը դատական համակարգում արդեն բնորոշվում է որպես լարված, և չի բացառվում, որ առաջիկայում այն ավելի բացահայտ դրսևորումներ ստանա։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































