Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաքչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանային զարգացումները և ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա։
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ հարվածներ են հասցվել ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական օբյեկտներին՝ դպրոցների, հիվանդանոցների և բնակելի տարածքների։ Նա ընդգծել է, որ Իրանը վճռական է պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ պատասխան հարվածները դիտարկում է որպես ինքնապաշտպանության իրավունք։
Արաքչին նաև նշել է, որ ռազմական գործողությունները բացասաբար են անդրադարձել տարածաշրջանի կայունության և հատկապես Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության վրա՝ պատասխանատվությունը վերագրելով ԱՄՆ-ին և Իսրայելին։
Իր հերթին, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը շեշտել է լարվածության նվազեցման և տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։
Նշվում է, որ ռազմական գործողությունները սկսվել են փետրվարի 28-ին, որոնց ընթացքում իրականացվել են լայնածավալ հարվածներ Իրանի տարածքում։ Իրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան և իսրայելական դիրքերը հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյան




























