ՄԱՐԴԻԿ ԱՆԽՆԱ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղեկացանք, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 18:51-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, որի հետեւանքով տեղում չորս մարդ է մահացել: Իսկ  ՄԻՊ գրասենյակում էլ մի մեծահասակ կին թունավոր լուծույթ է խմել:
Վթարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Արեգունի-Գեղամասար գյուղերի ավտոճանապարհին (Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 25-րդ կմ):
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` իրար են բախվել «ՎԱԶ 2101» մակնիշի 35 ԼԼ 307 պետհամարանիշի եւ «ԳԱԶ 31» մակնիշի 31 ԼՏ 710 պետհամարանիշի ավտոմեքենաները: «ԳԱԶ 31»-ը դուրս է  եկել «ՎԱԶ 2101»-ին հանդիպակաց, որի հետեւանքով տեղի է ունեցել ավտովթարը:
Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի բնակիչներ, «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 23-ամյա Մհեր Դաշյանը, ուղեւորներ` 22-ամյա Արթուր Դաշյանը, 37-ամյա Սուսաննա Ղուկասյանը եւ 43-ամյա Անդրանիկ Վանոյանը տեղում մահացել են: Իսկ «ԳԱԶ-31»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Համաձայն մեր տեղեկությունների` «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ Քաջիկ Խաչատրյանն է: Նրան տեղափոխել են Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ, այնուհետեւ Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը բավարար է:
Երեկ արտակարգ միջադեպ է գրանցվել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Մի ծեր կին դիմում է ներկայացրել գրասենյակ, ապա ինչ-որ թունավոր հեղուկ խմել, հավանաբար` «պերեկիսի» լուծույթ: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ` պարզելու համար, թե իրականում ինչ է կատարվել: «Իսկապես մեզ մոտ նման ցավալի դեպք գրանցվեց, այդ կինն այսօր առաջին անգամ եկել էր մեր գրասենյակ, եւ  մեզ մոտ ինքը նստել, դիմում էր գրում, ինչպես որ ընթացակարգն է, մեր աշխատակիցներն են ներկա գտնվել, դիմումը գրելուց անմիջապես հետո խմել է այդ թունավոր լուծույթը»,-ասաց ՄԻՊ-ը:
Անդրեասյանի խոսքերով` մեծահասակ կինն իր բողոքում նշել է, թե ինչու է խմում այդ թունավոր հեղուկը. «Երկու խնդիր ունի, մեկը ոստիկանության հետ է կապված, մյուսն   իր սոցիալական խնդիրների մասին է: Մենք նոր ենք ստացել այդ դիմումը եւ  դեռեւս չենք ուսումնասիրել այն»: Մեր զրուցակիցը նշեց, որ ՄԻՊ գրասենյակի աշխատողները շտապօգնություն են կանչել եւ թունավորվածին տեղափոխել  հիվանդանոց: Տեղեկացանք, որ  նրա վիճակն այժմ նորմալ է:
Մեր այն հարցին, թե կարելի է եզրակացնել, որ մեծահասակ կինը դժգոհ է  եղել նաեւ ՄԻՊ աշխատանքից, քանի որ հենց ՄԻՊ գրասենյակում է այդ քայլին դիմել,  Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Նա 10 րոպե է եղել մեր գրասենյակում, զավեշտական է, որ դրա պատճառով է փորձել ինքնասպան լինել, երեւի ուզում էր, որ մենք վկա լինենք իր դժգոհությանը»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս