Armenian text to speach

Երևանի ավագանուց` ՀԷՑ. ՔՊ-ական Վազգեն Մանուկյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել իշխանական շրջանակներում ակտիվ գործունեություն ծավալող անձանց կենսագրությունները և հայտարարագրերը։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է Երևանի ավագանու նախկին անդամ Վազգեն Մանուկյանը ։

Նա սոցիալական հարթակներում բավականին ակտիվ է՝ պարբերաբար տարածելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քարոզչական բնույթի գրառումներ։ Սակայն, երբ փորձեցինք ուսումնասիրել նրա կենսագրությունը, պարզվեց, որ նրա մասին բաց աղբյուրներում գրեթե որևէ ծավալուն տեղեկատվություն չկա։

Հայտնի է միայն, որ, ըստ նրա ֆեյսբուքյան էջի, 2018-2022 թվականներին սովորել է Գլաձորի համալսարանում։ Ներկա պահին աշխատում է «ՀԷՑ»-ում և հանդիսանում է ՔՊ վերահսկող հանձաժողովի անդամ։

Ինչ վերաբերում է նրա պաշտոնավարման շրջանի հայտարարագրերին, ապա պատկերն առավել քան համեստ է։

Պաշտոնը ստանձնելու պահին՝ 2022 թվականի սեպտեմբերի 9-ին, Մանուկյանը հայտարարագրել է, որ չունի որևէ անշարժ գույք, տրանսպորտային միջոց, բանկային հաշվին գումար կամ կանխիկ միջոցներ։ Նրա միակ եկամուտը կազմել է Երևանի քաղաքապետարանից ստացված 68 հազար դրամ աշխատավարձը։ Միևնույն ժամանակ, նա հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աջափնյակ տարածքային խորհրդի անդամ։

 

2022 թվականի տարեկան հայտարարագրում նույնպես գույքային էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Նա կրկին չի ունեցել անշարժ գույք կամ ավտոմեքենա։ Բանկային հաշվում ունեցել է ընդամենը 75 հազար դրամ։ Տարվա ընթացքում ստացել է ընդհանուր 2 մլն 245 հազար 839 դրամ եկամուտ, որից մոտ 1 մլն 973 հազար դրամը՝ աշխատավարձ, իսկ մնացածը՝ այլ եկամուտներ Երևանի քաղաքապետարանից։ Միաժամանակ հայտարարագրել է նաև վարկային պարտավորություններ՝ ընդհանուր առմամբ մոտ 1 մլն 900 հազար դրամի չափով։

Պաշտոնը դադարեցնելու պահին՝ 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, նրա հայտարարագրում կրկին որևէ գույք կամ խնայողություն չի նշվել։ Սակայն այս փուլում արդեն արձանագրվել է եկամուտ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ստացված 2 մլն 610 հազար դրամ աշխատավարձի տեսքով։ Վարկային պարտավորությունը կազմել է 400 հազար դրամ։

Հատկանշական է, որ ըստ հայտարարագրի նրա կինը՝ Նաիրա Չոբանյանը, աշխատում է Աջափնյակ վարչական շրջանում՝ քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում որպես առաջին կարգի մասնագետ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս