Մահացել է Կիմ Չեն Իրը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մահացել է Հս. Կորեայի երկարամյա առաջնորդ Կիմ Չեն Իրը։ Այդ մասին, միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է տեղի պետական հեռուստաընկերությունը։Հեռուստահաղորդավարը արցունքախառը աչքերով ընթերցել է տեղեկատվությունն այն մասին, որ երկրի ղեկավարը մահացել է շաբաթ օրը, 8:30–ին։ Նրա խոսքերով՝ պետության ղեկավարը մահացել է չափազանց շատ ֆիզիկական և մտավոր աշխատանքից։ Նրա դին արդեն գտնվում է նրա հոր` Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ իր Սենի դամբարանում: Ինչպես պարզ է դառնում հեռուստահաղորդումից, Հս. Կորեայի առաջնորդը մահացել է ճանապարհորդության ժամանակ՝ գնացքի մեջ։ Արդեն հայտնի է դարձել, որ հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 28-ին Պխենյանում, իսկ թաղման կառավարական հանձնաժողովը ղեկավարելու է Իրի որդի և հետնորդ Կիմ Չեն Ընը: Ի դեպ, հարավկորեական լրատվամիջոցների տեղեկություններով, Հյուսիսային Կորեայում իշխանությունն արդեն ամբողջությամբ անցել է Ընին:Կիմ Չեն Իրը Հս. Կորեայի ղեկավարությունը ստանձնեց 1994թ.՝ ընդունելով այն իր հորից՝ Կիմ Իր Սենից։ԿԻմ Չեն Իրի մահվան մասին տեղեկությունը ստանալուց հետո հարավկորեական զինված ուժերը բերվել են մարտական պատրաստակամության, իսկ Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան կառավարությանը կոչ է արել պատրաստ լինել Իրի մահվանից հետո դեպքերի ցանկացած զարգացման: ԱՄՆ նախագահը նույնպես տեղեկացված է Իրի մահվան մասին: Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնը հետևում է դեպքերի զարգացմանն ու մտադիր է այսուհետ ևս աջակցել կորեական թերակղզում խաղաղության ու կայունության հաստատմանը:  




Լրահոս