Արդեն մի քանի օր է՝ քաղաքացիներն ահազանգում են հասարակական տրանսպորտի խայտառակ իրավիճակի մասին։ Քաղաքացիները հայտնում են, որ կամա թե ակամա վեճերի մեջ են մտնում վարորդների հետ, քանի որ վերջիններս հրաժարվում են կանգառներում բացել մեջտեղի կամ հետևի դռները՝ այդ կերպ ստիպելով բոլոր ուղևորներին մուտք գործել միայն առջևի դռնից՝ իբր բոլորի կողմից ուղեվարձի վճարումն ապահովելու համար։
Քաղաքացիների փոխանցմամբ՝ վարորդների հետ շփումների ընթացքում վերջիններս դժգոհությամբ նշել են, որ իրենք պարզապես կատարում են տրված հրահանգները։ Ըստ վարորդների՝ իրենց հանձնարարվել է նաև պարտադիր կանգնել բոլոր կանգառներում և բացել բոլոր դռները՝ անկախ նրանից՝ կանգառում իջնող կամ բարձրացող ուղևոր կա, թե ոչ։
Վարորդները քաղաքացիների հետ զրույցներում նաև նշել են, որ աշխատանքային օրվա ավարտին՝ նույնիսկ գիշերվա մեկին, ստիպված են լինում բացատրագիր գրել։
«Զահլա չունենք գիշերվա մեկին տուն գնալու փոխարեն “դոպրոս” գրենք, թե ինչու չենք բացել դուռը, ինչու չենք կանգնել կանգառում կամ ինչու ուղևորից վճարում չեն պահանջել», — պատմել են վարորդները։
Հիշեցնենք, որ մինչ այս քաղաքացիներին սկզբում պարտադրում էին վճարել միայն 100-դրամանոցներով, այնուհետև անցում կատարեցին QR կոդերին, հետո առաջարկեցին տարբեր փաթեթներ և վարորդներին հորդորեցին հնարավորինս չշփվել ուղևորների հետ։ Դրանից հետո պարտադիր վճարումների վերահսկման համար ներգրավվեցին հսկիչներ։ Այժմ, ըստ էության, այդ ամբողջ համակարգի ձախողումից հետո, հսկիչների գործառույթները դրվել են հենց վարորդների վրա՝ հակասելով իրենց իսկ նախկին մոտեցմանը, ըստ որի վարորդները չպետք է կոնտակտի մեջ լինեն ուղևորների հետ։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․























