Մոսկվան կոչ է անում Իրանի շուրջ հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ միակողմանի քայլերից, որոնք կարող են խոչընդոտել դրա լուծմանը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ փոխարտգործնախարար Ալեքսանդր Ալիմովի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊԾԽ) անդամ պետությունների դեսպանների և դիվանագիտական ներկայացուցիչների միջև նրանց խնդրանքով կայացած հանդիպումից հետո։
«Ալիմովը վերահաստատել է Ռուսաստանի անսասան դիրքորոշումը Իրանի շուրջ հակամարտության հարցում։ Մոսկվան կոչ է անում տարածաշրջանում առկա լարվածության մեջ ներգրավված բոլոր կողմերին զերծ մնալ միակողմանի քայլերից և բախումնային նախաձեռնություններից, որոնք կարող են խաթարել Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հասնելու ջանքերը», – նշել է նախարարությունը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որը Բահրեյնը և Միացյալ Նահանգները՝ ՊԾԽ-ի մյուս երկրների աջակցությամբ, մայիսի 4-ին ներկայացրել են Անվտանգության խորհրդին։ «Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը ՄԱԿ-ի մակարդակով՝ Պարսից ծոցում բախումը արագ ավարտելու համար», – նշել է նախարարությունը։
























































































