Երեկ՝ մայիսի 9-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձանց կողմից ժամը 23։50-ի սահմաններում տղամարդու դի է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանն է, ում մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխել Էրեբունի վարչական շրջանի գործող ռեստորանային համալիրներից մեկի մոտից։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն (վրաերթ, հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են, թե ով կամ ովքեր են մահացածի մարմինը տեղափոխել հիվանդանոց, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Տեղի ունեցածը սպանություն է, մահվան ելքով վրաերթ, թե հանկարծամահություն՝ պարզվում է։























































































