Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր նիստ է կայացել Առուշ Առուշանյանի քրեական գործով։ Դատավոր Տիգրան Դավթյանը որոշում է կայացրել վերաբացել քրեական գործը և պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, հեռացել էր առանձին սենյակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու նպատակով։
Գործը տեղափոխվել էր Հակակոռուպցիոն դատարան՝ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո, որով բեկանվել էր Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները մասնակի բավարարելու և դրա արդյունքում նրա նկատմամբ ընտրված ազատազրկումը երեք ամսով ծանրացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։ Վճռաբեկ դատարանը արձանագրել էր ընդդատության խախտում և որոշել գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության, որտեղ էլ այսօր, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, քննություն է իրականացվել։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022 թվականի մարտի 28-ին հրապարակել էր Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը։ Այդ վճռով Առուշանյանն արդարացվել էր իրեն մեղսագրվող ընտրական ենթադրյալ հանցավոր արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը՝ դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել էր վեց ամիս ազատազրկում, որը պայմանականորեն չէր կիրառվել։
Դատարանը Առուշանյանի նկատմամբ սահմանել էր նաև 1.5 տարվա փորձաշրջան, ինչպես նաև որպես լրացուցիչ պատիժ կիրառել էր տուգանք և հինգ տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակում։
Արդարացվել էին նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանն ու Հարութ Լալազարյանը մեղավոր էին ճանաչվել։
Դատական ակտի դեմ բողոքներ էին ներկայացվել, սակայն այն մտել էր օրինական ուժի մեջ։ Այնուհետև Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել էր միջնորդությունը՝ արձանագրելով, որ դա չի բխում իրենց լիազորություններից։
Արդյունքում ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել էր արձանագրություն՝ Առուշանյանի կողմից պատժից խուսափելու վերաբերյալ, և միջնորդություն էր ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ հինգ տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը, ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու հարցով։
Միաժամանակ, Առուշ Առուշանյանը վիճարկել էր Պրոբացիայի ծառայության գործողությունների իրավաչափությունը, սակայն դատարանը մերժել էր բողոքը։ Դատական ակտի դեմ ներկայացված բողոքը քննվել էր գրավոր ընթացակարգով և նույնպես մերժվել։
Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայության միջնորդությանը, ապա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին մասնակի բավարարել էր միջնորդությունը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ 2022 թվականի մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից հինգ տարի ժամկետով զրկելը, փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։
Այս դատական ակտը ևս բողոքարկվել էր թե՛ դատախազության, թե՛ Առուշանյանի պաշտպանի կողմից։
Քնար Մանուկյան
























































































