Armenian text to speach

Լևոն Տեր-Պետրոսյանի ամենահավատարիմ թիմակիցը․ ի՞նչ ունեցվածք ունի Լևոն Զուրաբյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել առաջադրված քաղաքական ուժերի առաջնորդների կենսագրություններն ու գույքային հայտարարագրերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է Լևոն Զուրաբյանը, որը Հայ ազգային կոնգրես կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն է։ Նշենք, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 10 համարի ներքո։

Ի՞նչ ունեցվածք ունի Լևոն Զուրաբյանը

Լևոն Զուրաբյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի համաձայն՝ նա զբաղեցնում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահի պաշտոնը, որը ստանձնել է 2021 թվականի մայիսի 17-ին։

Հայտարարագրի համաձայն՝ տարվա սկզբի դրությամբ նա ունեցել է 4 միավոր անշարժ գույք։ Դրանց թվում է Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Պաշտպանված» տարածքում գտնվող այգետնակ-ամառանոցը, որը ձեռք է բերել դեռևս 1996 թվականի հունիսի 12-ին։

Նրա սեփականության կազմում է նաև Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի «Պաշտպանված» տարածքում գտնվող հողամաս, որը 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ստացել է ժառանգության կարգով։

Զուրաբյանը հայտարարագրել է նաև Երևան քաղաքում գտնվող բնակարան, որը նրա միանձնյա սեփականությունն է։ Այն գրանցվել է 1993 թվականի հունվարի 1-ին՝ այլ հիմքով։

Բացի այդ, նա ունի նաև Երևանում գտնվող անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով, որը ձեռք է բերել 2005 թվականի հուլիսի 1-ին՝ գնումով։

Տրանսպորտային միջոց Լևոն Զուրաբյանը չի հայտարարագրել։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար ԱՄՆ դոլար և 4 միլիոն դրամ։ Նա հայտարարագրել է նաև 4 միլիոն 500 հազար դրամի կրիպտոարժույթ։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ։Եկամուտներ չի հայտարարագրել։

Քաղաքական անցած ուղին

Լևոն Զուրաբյանը ծնվել է 1964 թվականի մարտի 9-ին Երևանում։

1985 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1988 թվականին ավարտել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան և ստացել ֆիզիկոսի որակավորում։

2000 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերությունների և պետական կառավարման ֆակուլտետը՝ ստանալով միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1989-1991 թվականներին՝ որպես Երևանի ֆիզիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։

1991 թվականի հուլիսից մինչև նոյեմբեր եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական։ Այնուհետև՝ 1991-1998 թվականներին, աշխատել է ՀՀ նախագահի օգնական, իսկ 1994 թվականից միաժամանակ եղել է նաև նախագահի մամուլի քարտուղարը։

1998-2012 թվականներին աշխատել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան-ի գրասենյակում՝ որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու։

2001-2004 թվականներին զբաղեցրել է PricewaterhouseCoopers ընկերության՝ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ծրագրի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնը։

2005-2007 թվականներին եղել է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան։

2008-2013 թվականներին ղեկավարել է «Հայ ազգային կոնգրես»-ի կենտրոնական գրասենյակի համակարգման աշխատանքները։

2012 թվականի մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից։ 2012 թվականի մայիսի 6-ից մինչև 2013 թվականի ապրիլի 13-ը եղել է անկուսակցական, իսկ 2013 թվականի ապրիլի 13-ից դարձել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ։

Լևոն Զուրաբյանը նաև տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներում գիտական մի շարք աշխատությունների հեղինակ է։

Քաղաքական դաշտում Լևոն Զուրաբյանը տարիներ շարունակ դիտարկվել է ոչ միայն որպես Հայ ազգային կոնգրեսի առանցքային դեմքերից մեկը, այլև որպես Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենահավատարիմ քաղաքական թիմակիցներից ու նրա քաղաքական գծի հիմնական պաշտպաններից մեկը։ Տասնամյակներ շարունակ նա մնացել է Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատում՝ զբաղեցնելով թե՛ քաղաքական, թե՛ կազմակերպչական կարևոր դերեր և շարունակելով ներկայացնել ՀԱԿ-ի քաղաքական օրակարգը նաև այսօր՝ արդեն որպես կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար։

 

Անի Վարդանյան




Լրահոս