Armenian text to speach

Մայիսի 28-ի ԵԱՏՄ գագաթնաժողովը կարող է որոշիչ լինել Հայաստանի ապագայի համար․ ի՞նչ է քննարկվելու առանց Փաշինյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը չի մասնակցելու մայիսի 28-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, քաղաքական և աշխարհաքաղաքական առումով շատ ավելի խորքային ենթատեքստ ունի, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Առավել ևս՝ այն ֆոնին, երբ ընդամենը օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակային հայտարարություններով ակնարկում էր, որ Հայաստանի եվրոպական ուղղությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Մոսկվա-Երևան հարաբերությունների համար, իսկ ամենակարևոր քննարկումները նախատեսված են հենց մայիսի 28-ի ԵԱՏՄ գագաթնաժողովում։

Պուտինը հայտարարել էր, որ եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպական միություն, ապա վաղ թե ուշ ստիպված է լինելու ընտրություն կատարել, քանի որ «անհնար է միաժամանակ լիարժեք լինել երկու տարբեր ինտեգրացիոն համակարգերում»։ Ավելին՝ Ռուսաստանի նախագահը հիշեցրել էր նաև Ուկրաինայի փորձը՝ ակնարկելով, որ նման աշխարհաքաղաքական շրջադարձերը կարող են լուրջ ցնցումների հանգեցնել։

«Մենք տեսանք, թե Ուկրաինայում ինչ եղավ, երբ հասարակությանը տարան կտրուկ աշխարհաքաղաքական ընտրության ճանապարհով։ Այդպիսի հարցերը պետք է շատ զգույշ քննարկվեն, ժողովրդի հետ, հանրաքվեի միջոցով»,- ասել էր Պուտինը՝ փաստացի ակնարկելով, որ Հայաստանի դեպքում ևս նման որոշումը կարող է ունենալ ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային և քաղաքական հետևանքներ։

ՌԴ նախագահը նաև նշել էր, որ այս թեման մանրամասն քննարկվելու է հենց մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում։ Սա է պատճառը, որ Փաշինյանի չմասնակցելու որոշումը քաղաքական շրջանակներում արդեն դիտարկվում է ոչ թե պարզապես քարոզարշավային զբաղվածության, այլ բավական զգայուն դիվանագիտական քայլի համատեքստում։

Երեկ Էրեբունի մոլի դիմաց ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ դեռ ապրիլի 1-ին՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում, անձամբ տեղեկացրել է Պուտինին, որ նախընտրական քարոզարշավի պատճառով չի կարողանա մասնակցել ոչ մայիսի 9-ի միջոցառումներին, ոչ էլ մայիսի 28-ի նիստին։ Նույն տեղեկությունը նա փոխանցել է նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Հայաստանի պատվիրակությունը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Սակայն քաղաքական դիտարկումները ցույց են տալիս, որ խնդիրը միայն քարոզարշավը չէ։ Առավել ևս, երբ հենց այս օրերին Ռուսաստանի իշխանությունները սկսել են ավելի բաց և կոշտ խոսել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության մասին։ Պուտինը փաստացի հայտարարել էր, որ անհնար է միաժամանակ ամբողջ ծավալով ինտեգրվել և՛ ԵԱՏՄ-ին, և՛ Եվրամիությանը, իսկ ապագայում Երևանը ստիպված կլինի կատարել ռազմավարական ընտրություն։ Այդ հայտարարությունը շատերի կողմից ընկալվեց որպես նախազգուշացում պաշտոնական Երևանին։

Ուշագրավ է նաև, որ մայիսի 28-29-ին Աստանայում կայանալիք V Եվրասիական տնտեսական ֆորումը և ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը այս տարի առանձնահատուկ քաղաքական նշանակություն ունեն։ Ֆորումի գլխավոր թեման թվային մրցակցությունն ու արհեստական բանականությունն է, սակայն իրական քաղաքական օրակարգը, ըստ փորձագիտական շրջանակների, լինելու է ԵԱՏՄ-ի ապագան՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում։

Այստեղ է, որ Փաշինյանի բացակայությունը դառնում է քաղաքական ուղերձ։ Փաստացի, Հայաստանի վարչապետը բաց է թողնում այն հարթակը, որտեղ, ամենայն հավանականությամբ, քննարկվելու էին ոչ միայն տնտեսական ինտեգրման հարցեր, այլև Հայաստանի հետագա տեղն ու դերը ռուսական ազդեցության համակարգում։

Վերջին ամիսներին Երևանը միաժամանակ ակտիվացրել է հարաբերությունները Եվրոպական միության հետ՝ խորացնելով քաղաքական երկխոսությունը, անվտանգության ոլորտում համագործակցությունը և տնտեսական օրակարգը։ Այդ ֆոնին Մոսկվայում ավելի ու ավելի հաճախ են հնչում դժգոհություններ, թե Հայաստանը փորձում է աստիճանաբար հեռանալ ռուսական ազդեցության գոտուց։

Փաշինյանն ինքն էլ, արձագանքելով «ապահարզան» ձևակերպումներին, հայտարարել է, որ Հայաստանը լիարժեք անդամ է ԵԱՏՄ-ում և նպատակ չունի վնասելու Ռուսաստանի շահերին։ Սակայն միաժամանակ նա չի հերքել, որ ապագայում կարող է առաջանալ ընտրություն կատարելու անհրաժեշտություն։ Սա, ըստ էության, առաջին անգամներից է, երբ պաշտոնական Երևանը բաց տեքստով ընդունում է, որ նման սցենար հնարավոր է։

Քաղաքական շրջանակներում արդեն քննարկվում է, որ հենց մայիսի 28-ի նիստը կարող է դառնալ շրջադարձային, չի բացառվում, որ փակ քննարկումների ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները փորձեն հստակեցնել Հայաստանի դիրքորոշումը՝ հատկապես եվրոպական ինտեգրման խորացման հարցում։

Ավելին, փորձագետները չեն բացառում, որ Մոսկվան կարող է սկսել ավելի կոնկրետ պահանջներ ներկայացնել Երևանին՝ հասկանալու համար, թե որտեղ է անցնում Հայաստանի «կարմիր գիծը»։ Այդ իմաստով Փաշինյանի բացակայությունը կարող է ընկալվել ոչ միայն որպես ներքաղաքական զբաղվածության հետևանք, այլ նաև որպես փորձ՝ խուսափելու բարդ և հնարավոր ճնշումներով ուղեկցվող քաղաքական քննարկումներից։

Ուշադրության է արժանի նաև մեկ այլ հանգամանք․ եթե նախկինում Երևանը փորձում էր հավասարակշռված քաղաքականություն վարել՝ առանց կտրուկ հայտարարությունների, ապա այժմ արդեն հրապարակային մակարդակում քննարկվում է ԵԱՏՄ-ԵՄ հնարավոր հակասության թեման։ Իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանում սկսվում է նոր քաղաքական փուլ, որտեղ Հայաստանից վաղ թե ուշ ակնկալելու են ավելի հստակ պատասխան՝ ո՞ր ուղղությամբ է շարժվում երկիրը։

Այդ պատճառով էլ մայիսի 28-ի Աստանայի նիստը կարող է դառնալ ոչ թե հերթական տնտեսական հավաք, այլ Հայաստանի արտաքին քաղաքական ապագայի շուրջ կարևորագույն քննարկման հարթակ։ Եվ հենց այդ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի բացակայությունը արդեն ինքնին քաղաքական մեսիջ է թե՛ Մոսկվային, թե՛ ԵԱՏՄ մյուս գործընկերներին։

Անի Վարդանյան




Լրահոս