ArmLur.am-ը կապ հաստատեց «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության առաջին համարի կին ներկայացուցիչ Նինա Կարապետյանցի հետ՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել կուսակցության քարոզարշավային ավտոբուսի հետ, որի վերաբերյալ տեղեկություններ էին տարածվել, թե այն գողացվել է։
-Տիկին Կարապետյանց, ի՞նչ է իրականում տեղի ունեցել ավտոբուսի հետ։
— Պարեկները տեղափոխել էին, քանի որ միջոցառմանը խանգարում էր։ Մեր վարորդը D կարգի, ով իրավունք ունի վարելու, այդ պահին քարոզարշավի էր մասնակցում։ Պարեկներն իրենք տեղափոխեցին ավտոբուսը։ Հետո պարեկների մեկ այլ խումբ որոշեց, որ պետք է տեղափոխեն տուգանային հրապարակ, սակայն չունեին համապատասխան վարման կարգ, ու մեր վարորդը տարավ ավտոբուսը տուգանային հրապարակ։
-Այսինքն՝ ավտոբուսը վերադարձվա՞ծ է։
— Այո, վերադարձրել են։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ նույն ավտոբուսի վրա ևս հարձակում էր եղել։ Ի՞նչ էր տեղի ունեցել։
— Վանդալիզմ իրականացնողները ներկայացել էին որպես քաղաքապետարանի աշխատակից և եղունգներով պոկել էին վրայի նկարները, թափել գետնին։
-Այդ դեպքով դիմե՞լ էիք ոստիկանություն։
— Մենք չենք դիմել ոստիկանություն, քանի որ դա մեր քարոզարշավի կրեատիվ մասն է՝ հին ավտոբուսը, և կմնայինք առանց դրա։
-Իսկ ճնշումներ նկատո՞ւմ եք։
— Վստահ եմ, որ գաղտնալսումներ լինում են։ Հակաօրինական գործողությունների մեջ ներգրավված չենք, ոչ էլ մեծ հնարավորությունների տեր։
-Ձեր նկատմամբ անձնական ճնշումներ կա՞ն։
— Ընտանիքի անդամների, հարազատների նկատմամբ է ճնշումներ լինում։ Իմ անձի նկատմամբ, ում վրա չեն կարողանում քրգործեր կարել, ընտանիքին են հասնում։
-Կարո՞ղ եք մանրամասնել։
— Չեմ ցանկանում մանրամասներ ներկայացնել, քանի որ ուզում եմ պահել չվնասելու սկզբունքը։
Այսպիսով, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունում վստահ են՝ քարոզարշավի ընթացքում իրենց նկատմամբ կիրառվող քայլերը պատահական չեն։ Թեև Նինա Կարապետյանցը ձեռնպահ մնաց մանրամասներ հրապարակելուց, ընդգծեց՝ շարունակելու են մասնակցել ընտրապայքարին։
Իրինա Ատանյան






























