Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման շրջանակում ևս մեկ կարևոր քայլ է կատարվել․ Սերդար Քըլըչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում հերթական քայլն է արձանագրվել։ Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ուղղությամբ կարևոր առաջընթաց է գրանցվել։

Քըլըչը «X» հարթակում տարածել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը և նշել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումներով շարունակվող կարգավորման գործընթացի շրջանակում ևս մեկ կարևոր քայլ է կատարվել՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման նպատակով։

«Ցանկանում եմ, որ սա հաջող լինի նախ երկու երկրների բնակիչների, ապա և մեր տարածաշրջանի բոլոր գործարարների և ժողովուրդների համար»,- գրել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելին հայտարարել էր, որ Հայաստանի հետ 2022 թվականից ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում իրականացված վստահության ամրապնդման քայլերի արդյունքում՝ 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկին առնչվող բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքները։

Ըստ թուրքական կողմի՝ նոր կարգավորման շնորհիվ արդեն հնարավոր է դարձել, որ Թուրքիայից որևէ երրորդ երկիր, այնտեղից էլ Հայաստան ուղարկվող կամ նույն երթուղով տեղափոխվող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելակետը նշվի որպես «Հայաստան/Թուրքիա»։

Միաժամանակ նշվում է, որ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացմանն ուղղված տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները դեռ շարունակվում են։

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղության և բարեկեցության ամրապնդման համար ձևավորված պատմական հնարավորության պայմաններում Անկարան շարունակելու է աջակցել տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացմանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն ևս ողջունել էր ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը՝ ընդգծելով, որ այն կարևոր է երկու երկրների միջև առևտրի, գործարար կապերի և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնման տեսանկյունից։ Հայկական կողմը նաև նշել էր, որ սա կարևոր քայլ է լիարժեք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որի շարունակությունը կարող է լինել սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

Անի Վարդանյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս