2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ուշադրություն է գրավում նաև «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը, որը մասնակցում է ընտրություններին 2-րդ համարի ներքո։
Քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցն է՝ իրավապաշտպան և փաստաբան, ով երկար տարիներ գործունեություն է ծավալել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Ի տարբերություն ընտրապայքարին մասնակցող մի շարք այլ քաղաքական գործիչների՝ Նինա Կարապետյանցի գույքային հայտարարագիրը հանրային հասանելի չէ։ Միևնույն ժամանակ, նրա մասնագիտական կենսագրությունը հիմնականում կապված է իրավապաշտպան աշխատանքի հետ։
Կարապետյանցը 2009 թվականից աշխատում է Հելսինկյան ասոցիացիայում՝ որպես փաստաբան և մոնիթորինգային խմբի ղեկավար։ Նրա պարտականությունների շրջանակում են կազմակերպության մշտադիտարկման աշխատանքների համակարգումը, ներկայացված նյութերի ուսումնասիրությունը, ինչպես նաև զեկույցների պատրաստման գործընթացին մասնակցությունը։
Տարիների ընթացքում նա մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և դասընթացների։ Դրանց թվում են Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացված «Դատական փորձաքննությունների հիմնախնդիրներ» ծրագիրը, ԵԱՀԿ-ի և ՀՀ փաստաբանների պալատի կազմակերպած սեմինարները, ինչպես նաև քաղաքացիական դատավարության, մարդու իրավունքների պաշտպանության և պետական կառավարման ոլորտներին առնչվող վերապատրաստումներ։
«Բոլորին դեմ եմ» շարժումը վերջին շաբաթներին առանձնացել է ոչ միայն իր քաղաքական հայտարարություններով, այլև քարոզչական ոչ ստանդարտ քայլերով։ Ավելի քան 400 անդամ ունեցող շարժման կազմում հիմնականում երիտասարդներ են, որոնցից շատերը հանրությանը դեռևս լայն ճանաչում չունեն։
Հատկանշական էր նաև ԿԸՀ արտահերթ նիստում կուսակցության ներկայացուցիչների ներկայանալը ֆիլմի հերոսների կերպարներով։ Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժն ակտիվորեն օգտագործում է նաև «Սփայդերմենի» կերպարը՝ փորձելով տարբերվել մյուս քաղաքական ուժերից և ուշադրություն հրավիրել իր գործունեության վրա։
Կուսակցության ներքին ընտրությունների արդյունքում հենց Նինա Կարապետյանցն է առաջադրվել վարչապետի թեկնածու։ Քաղաքական ուժի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ հաղթանակի դեպքում նա կգլխավորի «100-օրյա կառավարությունը»։
Ուշագրավ է նաև կուսակցության ծրագրային դրույթներից մեկը, ըստ որի՝ վարչապետի թեկնածուն հաղթանակի դեպքում պարտավորվում է հաջորդող 10 տարիների ընթացքում չզբաղվել քաղաքականությամբ։
Սոնա Գրիգորյան






























