Armenian text to speach

«Ստամբուլում ընտրություններում հաղթելը հանցագործությու՞ն է, պարոն նախագահ»․ Թուրքայում դատում են Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում շարունակվում է ընդդիմության նկատմամբ ճնշումների ալիքը։ Պաշտոնից հեռացված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված «քաղաքական լրտեսության» գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել Սիլիվրիում։

Թուրքական դատախազությունը Իմամօղլուի, նրա նախընտրական արշավի տնօրեն Նեջաթի Օզքանի և լրագրող Մերդան Յանարդաղի նկատմամբ պահանջում է 15-ից 20 տարվա ազատազրկում և քաղաքական գործունեության արգելք։

Դատարանում Իմամօղլուն հայտարարել է, որ գործը քաղաքական բնույթ ունի, իսկ մեղադրանքները «աբսուրդ» և «խայտառակ» է որակել։

Նա հրաժարվել է մանրամասն անդրադառնալ «լրտեսության» մեղադրանքին՝ նշելով, որ իր և հարյուրավոր ընտանիքների նկատմամբ երկար ժամանակ է՝ ճնշումներ ու անօրինական գործողություններ են իրականացվում։

«Եթե թուրքական արդարադատության ամոթի թանգարան գոյություն ունենար, այս մեղադրական եզրակացությունը առաջինը կկախվեր պատից»,- հայտարարել է Իմամօղլուն։

Թուրք ընդդիմադիր գործիչը նաև կոշտ քննադատության է ենթարկել դատախազությանը՝ պնդելով, որ իրականացվում են կեղծարարություն, զրպարտություն և փաստաթղթերի թաքցվում են ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանացել Իմամօղլուի այն արտահայտությունը, որը լայն արձագանք է ստացել թուրքական մամուլում։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, թե «2019 թվականի տեղական ընտրությունները մանիպուլացվել են, որպեսզի Իմամօղլուն հաղթի»։ Դրան արձագանքելով՝ նա դատարանում հարց է հնչեցրել․

«Ստամբուլում ընտրություններում հաղթելը հանցագործությու՞ն է, պարոն նախագահ»։

Իմամօղլուն նաև հայտարարել է, որ իր հանդիպումները, որոնք այժմ ներկայացվում են որպես «հանցավոր կապեր», տեղի են ունեցել 2019 թվականի ընտրություններից հետո ընտրողների հետ բազմաթիվ  այցերի շրջանակներում։

Նա նշել է, որ քաղաքապետ ընտրվելուց հետո օրական տասնյակ հանդիպումներ է ունեցել և անգամ մարդկանց հետ երեք-հինգ րոպեից ավելի չի խոսել։

Գործով անցնող լրագրող Մերդան Յանարդաղն իր հերթին հայտարարել է, որ այս դատավարությունն ունի երկու նպատակ՝ լռեցնել Tele1 հեռուստաալիքը և ստվերել Իմամօղլուի հաղթանակները 2019 և 2024 թվականների ընտրություններում։

Մեղադրանքի առանցքային դեմք Հյուսեյին Գյունը դատարանում հերքել է լրտեսության մեղադրանքները՝ նշելով, որ երբեք չի ստացել և չի փոխանցել Թուրքիայի պետական գաղտնի տեղեկություններ։

Նա ասել է, որ Իմամօղլուի հետ հանդիպել է ընդամենը մեկ անգամ, իսկ Նեջաթի Օզքանի հետ կապը սահմանափակվել է սոցիալական ցանցերի վերլուծությամբ։

Թուրքական դատախազությունը պնդում է, որ Իմամօղլուի նախընտրական շտաբը, Հյուսեյին Գյունի միջոցով, ստացել է վերլուծություններ և տվյալներ, որոնք օգտագործվել են 2019 թվականի ընտրություններում «հանրային կարծիք ձևավորելու» նպատակով։

Հիշեցնենք, որ Էքրեմ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր դեմքերից մեկը և երկար ժամանակ դիտարկվում է որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցներից։ Նա 2019 թվականին հաղթել էր Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ ծանր քաղաքական հարված հասցնելով Էրդողանի ղեկավարած իշխանությանը, իսկ հետագայում վերընտրվել էր նաև 2024 թվականին։

Անի Վարդանյան




Լրահոս