«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որը մայիսի 19-ին ներկայացվելու է Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հիմնական զեկուցողը լինելու է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Հաշվետվությունում առանձնահատուկ ուշադրության են արժանացել կրթության և առողջապահության ոլորտներում արձանագրված հակամրցակցային դրսևորումները, որոնց առնչությամբ հանձնաժողովը վարույթներ է հարուցել պետական մարմինների դեմ։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված գնումներին, որոնց շրջանակում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման և գնման գործընթացների կազմակերպման ծառայությունները միավորվել էին մեկ չափաբաժնում։
Հանձնաժողովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախարարությունը սահմանել էր խիստ և խտրական պայմաններ, որոնց համաձայն՝ մասնակից կազմակերպությունները պետք է վերջին երեք տարիների ընթացքում իրականացրած լինեին նմանատիպ պայմանագրեր և համապատասխանեին մի շարք ֆինանսական ու աշխատանքային չափորոշիչների։
Ըստ հանձնաժողովի՝ այդ պայմանները էապես սահմանափակել են հնարավոր մասնակիցների շրջանակը, ինչի հետևանքով գնման գործընթացներին որևէ տնտեսավարող սուբյեկտ չի մասնակցել։
Հանձնաժողովը նախարարության վարքագիծը որակել է որպես հակամրցակցային գործողություն՝ տնտեսավարողների նկատմամբ խտրական պայմանների ստեղծման և ձեռնարկատիրական գործունեության սահմանափակման դրսևորմամբ։
Արդյունքում՝ ԿԳՄՍ նախարարությանը տրվել է նախազգուշացում՝ ընդգծելով, որ պետական գնումների ոլորտում մրցակցության արհեստական սահմանափակումներն անթույլատրելի են։
Հաշվետվության մեկ այլ աղմկահարույց հատված վերաբերում է առողջապահության ոլորտին։ Հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ ուսումնասիրելու, թե արդյոք Առողջապահության նախարարությունը, տարբեր պայմաններով փոխհատուցումներ տրամադրելով «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» և «Շտապբուժօգնություն» ընկերություններին, խախտել է մրցակցության սկզբունքները։
Վարույթը նախաձեռնվել է «Շտապբուժօգնություն» ընկերության հաղորդման հիման վրա։ Ընկերությունը հայտնել է, որ Երևանում շտապօգնության կանչերի համար սահմանված փոխհատուցման չափերը տարիներ շարունակ չեն վերանայվել, մինչդեռ պետական «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» ընկերության համար սահմանվել են ավելի բարենպաստ պայմաններ։
Հանձնաժողովն արձանագրել է, որ Առողջապահության նախարարությունը չի ներկայացրել այն հաշվարկներն ու չափորոշիչները, որոնց հիման վրա ձևավորվել են փոխհատուցման տարբեր չափերը։
Միաժամանակ պարզվել է, որ առանց միասնական և օբյեկտիվ մեթոդաբանության միայն պետական ընկերության համար են վերանայվել և բարելավվել փոխհատուցման պայմանները, ինչը կարող էր անհավասար մրցակցային իրավիճակ ստեղծել շուկայում։
Արդյունքում՝ հանձնաժողովը Առողջապահության նախարարությանը տվել է նախազգուշացում և պարտավորեցրել է՝
• դադարեցնել արգելված պետական օժանդակությունը,
• սահմանել շտապ բժշկական օգնության ծառայությունների դիմաց փոխհատուցման հստակ, թափանցիկ և օբյեկտիվ չափորոշիչներ,
• վերանայել փոխհատուցման չափերը՝ ապահովելով հավասար պայմաններ բոլոր շտապ օգնության ծառայություններ մատուցող սուբյեկտների համար։
Հանձնաժողովի գնահատմամբ՝ նման մոտեցումները կարող են ոչ միայն սահմանափակել մրցակցությունը, այլև մասնավոր ընկերություններին կանգնեցնել ֆինանսական լուրջ խնդիրների, ընդհուպ՝ սնանկացման վտանգի առաջ։
Հիշեցնենք, որ հաշվետվությունը ներկայացվելու է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում՝ մայիսի 19-ի նիստում, որտեղ քննարկվելու են նաև մրցակցության, հակամենաշնորհային քաղաքականության և պետական միջամտությունների արդյունավետության հարցերը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:






























