Լեհական ռազմական վերլուծական Defence24.com կայքը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությանը՝ նշելով, որ Հայաստանը ստացել է ֆրանսիական առաջին CAESAR հրետանային համակարգերը, ինչը, ըստ հոդվածի, պարզապես սպառազինության մատակարարում չէ, այլ Ֆրանսիայի ավելի լայն ռազմավարության մաս Հարավային Կովկասում։
Հոդվածում նշվում է, որ Փարիզը փորձում է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում և Հայաստանը վերածել երկարաժամկետ անվտանգության գործընկերոջ։ Defence24.com-ի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի անկումից և շուրջ 100 հազար հայերի բռնի տեղահանումից հետո Երևանը հասկացել է, որ ռուսական անվտանգության երաշխիքներն այլևս բավարար չեն։
Կայքը գրում է, որ CAESAR համակարգերի մատակարարումը կարևոր քայլ է Հայաստանի զինված ուժերի վերազինման գործընթացում, քանի որ Երևանը փորձում է անցում կատարել ՆԱՏՕ-ական չափանիշներին համապատասխան զինատեսակների։ Հոդվածում հիշատակվում է նաև, որ Հայաստանը Ֆրանսիայից արդեն ստացել է Bastion զրահամեքենաներ, GM200 ռադարներ, Mistral 3 ՀՕՊ համակարգեր և գիշերային տեսանելիության սարքեր։
Defence24.com-ը նաև ընդգծում է, որ Հայաստանը վերջին շրջանում ակտիվորեն դիվերսիֆիկացնում է սպառազինության աղբյուրները՝ զենք ձեռք բերելով ոչ միայն Ֆրանսիայից, այլև Հնդկաստանից։ Ըստ հոդվածի՝ Երևանը փորձում է այլընտրանքներ ստեղծել, քանի որ այլևս ամբողջությամբ չի վստահում Ռուսաստանին որպես անվտանգության միակ երաշխավորի։
Հոդվածում նշվում է նաև, որ Ֆրանսիան նման քաղաքականությամբ փորձում է պատասխանել Ռուսաստանի ազդեցությանը՝ հատկապես այն բանից հետո, երբ Մոսկվան Աֆրիկայի մի շարք երկրներում՝ Մալիում, Բուրկինա Ֆասոյում և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, սահմանափակել է ֆրանսիական ազդեցությունը։ Ըստ կայքի՝ այժմ Փարիզը փորձում է ավելի ակտիվ ներկայություն ապահովել Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Կայքը հիշեցնում է, որ Հայաստանում շարունակում է տեղակայված մնալ ռուսական 102-րդ ռազմաբազան, սակայն միևնույն ժամանակ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին և պահանջել ռուս սահմանապահների դուրսբերումը «Զվարթնոց» օդանավակայանից։ Այդ քայլերը հոդվածագիրը գնահատում է որպես քաղաքական կարևոր ազդակ Մոսկվայի համար։
Defence24.com-ը լեհական ռազմական և անվտանգության թեմաներով մասնագիտացված լրատվական-վերլուծական կայք է, որը լուսաբանում է պաշտպանության, սպառազինության, ՆԱՏՕ-ի և աշխարհաքաղաքական զարգացումների թեմաները։
Ա․Վարդանյան






























