Armenian text to speach

Տիգրան Ուրիխանյանին մերժեցին. ո՞վ է առաջնորդելու «Ալյանս» կուսակցությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել առաջադրված քաղաքական ուժերի առաջնորդների կենսագրություններն ու գույքային հայտարարագրերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ցուցակի փաստացի առաջին համարը՝ Աշոտ Գալստյանը, որի վերաբերյալ հանրային տիրույթում կենսագրական տվյալներ գրեթե չկան։

Հատկանշական է, որ կուսակցության պաշտոնական առաջին համար Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը ԿԸՀ-ի կողմից մերժվել է, ինչից հետո ցուցակի առաջատար դիրքում հայտնվել է հենց Աշոտ Գալստյանը։ Կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 13 համարի ներքո։

ԿԸՀ-ի որոշման համաձայն՝ Տիգրան Ուրիխանյանի դեպքում խախտվել էր վերջին 4 տարվա ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ-ում մշտական բնակություն ունենալու սահմանադրական պահանջը։ Ըստ հանձնաժողովի՝ թեկնածուն համապատասխան փաստաթուղթ չէր ներկայացրել, ինչի հետևանքով նրա գրանցումը մերժվել էր։

Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականին ԱԺ նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը ձերբակալվել էր Ռուսաստանում։ Նրա նկատմամբ հայտարարվել էր դաշնային հետախուզում՝ հայաստանյան իշխանությունների պահանջով հարուցված քրեական գործի շրջանակներում։
Ինչ վերաբերում է Աշոտ Գալստյանին, ապա նրա մասին բաց աղբյուրներում կենսագրական տեղեկություններ գրեթե հնարավոր չէ գտնել։ Սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2025 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա 2021 թվականի հոկտեմբերի 2-ից հանդիսանում է «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության» վարչության անդամ։

Հայտարարագրի համաձայն՝ Գալստյանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ունի բաժնային սեփականությամբ բնակարան՝ 1/2 բաժնեմասով, որը ձեռք է բերվել 2017 թվականին։ Նա նաև հայտարարագրել է 2004 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2015 թվականին։
Բանկային հաշիվներում հաշվետու տարվա վերջում նա ունեցել է ընդամենը 3 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 1 միլիոն 100 հազար դրամ։

Գալստյանի տարեկան եկամուտը կազմել է 1 միլիոն 375 հազար 268 դրամ։ Այդ գումարից 674 հազար 588 դրամը գոյացել է «ՇԻՆՀԱՅ-ՊՈ» ընկերությունից ստացած աշխատավարձից, 78 հազար 500 դրամը՝ «ՋԵՐՄԳԱԶՇԻՆ»-ից, իսկ 619 հազար 140 դրամը ստացել է Միասնական սոցիալական ծառայության Ավանի և Նոր Նորքի տարածքային կենտրոնից։

Միևնույն ժամանակ հայտարարագրում առկա են նաև զգալի վարկային պարտավորություններ։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Գալստյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 3 միլիոն 38 հազար 385 դրամ, 4 հազար 875 ԱՄՆ դոլար և ևս 1 միլիոն 198 հազար 755 դրամ։Այսպիսով, ընտրապայքարի թեժ փուլում «Ալյանս» կուսակցության ցուցակի առաջատար դարձած Աշոտ Գալստյանը շարունակում է մնալ հանրության համար քիչ ճանաչված գործիչ։ Մինչ քաղաքական դաշտում հիմնական քննարկումները շարունակում են ծավալվել Տիգրան Ուրիխանյանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կուսակցության փաստացի առաջին համարի մասին առկա տեղեկությունները սահմանափակվում են հիմնականում նրա գույքային հայտարարագրով։ Իսկ թե որքանով կհաջողվի քիչ հայտնի թեկնածուին քաղաքական ակտիվ պայքարում փոխարինել կուսակցության առաջնորդին և գրավել ընտրողների վստահությունը, ցույց կտան արդեն հունիսի 7-ի ընտրությունները։

Սոնա Գրիգորյան




Լրահոս