Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է ասել վարչապետի պաստառը պոկելու համար Նուբարաշենի հոգեբուժարանում կախված 51-ամյա Արմենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած Արմեն Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաստառներն է պատռել։ Համայնքի ղեկավարը ArmԼur.am-ի հետ զրույցում պատմեց, որ մինչ ոստիկանություն դիմելը Արմեն Հովհաննիսյանին հարցրել է՝ ինչու է նման բան անում, ինչին ի պատասխան Արմեն Հովհաննիսյանը ասել է, որ պատրաստ է ներողություն խնդրել։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ մայիսի 16-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում։ Ժամը 18:10-ի սահմաններում նշված կենտրոնի 1-ին հարկի 7-րդ բաժանմունքի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին։

Factor TV-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղածը Արմեն Հովհաննիսյանն էր, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել։ Նա ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ-ից հայտնել են, որ․ «Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)»։ Այսինքն՝ նախընտրական պաստառ պոկելը որակվել է որպես նախընտրական քարոզչությանը խոչընդոտում, որի համար քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է Քննչական կոմիտե։

Ավելի ուշ նրան տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան, որտեղ նա 5-րդ բաժանմունքի առաստաղի խողովակից սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Մեզ հայտնի դարձավ, որ Արմեն Հովհաննիսյանը 2020 թվականից հաշվառված էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, ապրում էր մոր հետ, 51 տարեկան էր։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս